×

Հանրայայտ հայ ջութակահար Արա Մալիկեանը Հայաստանի մէջ է՝ համերգային ծրագրով

16.10.2023


ի վերջոյ սպանիաբնակ հայ ջութակահարի ցանկութիւնը իրականութիւն դարձաւ։ Արա Մալիկեանը Հայաստանի մէջ է՝ համերգային ծրագրով։ Երաժիշտը յաճախ կը գտնուի հայրենիքին մէջ, բայց առաջին անգամ ըլլալով այստեղ համերգ պիտի ունենայ։ Երկու օր հայ հանդիսատեսը պիտի վայելէ հանրայայտ ջութակահարին կատարումները Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրէն ներս։

«Շատ ուրախ եմ, շատ հուզիչ պիտի ըլլա։ Եվ անշուշտ ես և խումբս, ամբողջ մարմնովս և սրտովս պիտի ամեն բան ընենք, որ շատ լավ ժամանակ անցնի,» - ըսավ նա։

Արա Մալիկեանի ընտանիքին մէջ ջութակը ճակատագրական դեր ունեցած է. հայրը Ցեղասպանութենէն փրկուած է նոյնինքն ջութակի շնորհիւ եւ երաժշտական խումբին հետ տեղափոխուած է Պէյրութ, որմէ ետք սիրահարած է այդ երաժշտական գործիքին։

«Եվ իր սերը ջութակի ինձի փոխանցեց։ Եվ այդ ձևով ես ալ սկսա ջութակ նվագել,» - ըսավ նա։

Բնակվելով տարբեր երկրներու մէջ՝ Արա Մալիկեանը երբեք չէ հեռացած հայկական երաժշտութենէն։ Ան նուագած է Արամ Խաչատուրեանի, Մանսուրեանի եւ միւս հայ յայտնի երգահաններուն գործերը։

«Ուզեմ չուզեմ ինչ երաժշտություն, որ հորինեմ, հայկական է։ Նույնիսկ, եթե սկսիմ երաժշտություն հորինել, որն ավելի լատինո է, ի վերջո հայկականի կվերածվի,» - ըսավ երաժիշտը։  

Արա Մալիկեանի համերգին պիտի հնչեն երաժիշտին հեղինակային եւ հայ երգահաններու գործերը։ Համերգին ամբողջ հասոյթը պիտի տրամադրուի Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած 5 ընտանիքներու։