×

Հայաստանում իմպլանտների արտադրություն է սկսվել. գաղափարը հայրենադարձ Մարինա Աղայանինն է

13.08.2021

Հայաստանում արդեն հնարավոր է ստեղծել իմպլանտ,  որը ժամանակի ընթացքում վերածվում է ոսկորի։ Այս գաղափարը Էստոնիայից Հայաստան է բերել Մարինա Աղայանը։ Մարինան մասնակցել է Ներուժ» ծրագրին և հաղթող ճանաչվել,  այդ շրջանում էլ իր թիմով ստեղծեց AIP TECH լաբորատորիան,  որը պետք է զբաղվեր տիեզերական արդյունաբերությամբ,  սակայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո պլանները փոխվեցին. 

«Պատերազմի ընթացքում շատ մեծ պահանջարկ առաջացավ իմպլանտներ ստեղծելու,  մեզ շատ են դիմել են,  որպեսզի իմպլանտներ տրամադրենք,  ու մենք մեր 3d պրինտերները կանգնեցրինք ու սկսեցինք իմպլանտների արագ արտադրությունը», - ասաց Մարինա Աղայանը։ 

Մարինան Էստոնիայում հիմնադրել է Fact industries ընկերությունը։ Պատերազմից հետո թողեց հիմնական աշխատանքը և ընտանիքի հետ վերադարձավ հայրենիք։ Այստեղ թիմով սկսեցին իմպլանտների արտադրությունը։ Վնասված ոսկորի համակարգչային տոմոգրաֆիայով ստեղծում են եռաչափ մոդել,  որի հիման վրա էլ ստեղծվում է իմպլանտը։ Հումքը բերում են Շվեդիայից։

«Պատերազմից հետո անընդհատ կար էդ միտքը,  որ պետք է վերադառնանք,  այստեղ շարունակենք մեր բիզնեսը,  նորարարություն անենք», - ասաց նա։

Հիմա անվճար իմպլանտներ են պատրաստում վիրավոր զինվորների համար։ Մոտ 10 զինվորի վիրահատություն արդեն իրականացվել է։ Մոդելն առաջարկում են վիրաբույժին,  պատրաստում համապատասխան իմպլանտը,  ինչից հետո էլ կատարվում է վիրահատությունը։ 

«Եթե զինվորներ կան,  որոնք խնդիրներ ունեն իմպլանտավորման,  ոսկորի հետ կապված,  կարող են դիմել,  մենք երբենք չենք մերժում,  մեծ սիրով կպատրաստենք,  նրանք իրենց կյանքն են դրել նժարին,  ինձ թվում է սա այն մինիմալն է, որը մենք պետք է անենք», - ասում է Մարինան։ 

Մարինայի խոսքով՝ 3d պրինտերով իմպլանտների պատրաստումը երկար տարիների պատմություն չունի աշխարհում,  Հայաստանում առաջին անգամ է այսպիսի արտադրություն իրականացվում։ Բարդ վիրահատությունների դեպքում էլ ամերիկահայ բժիշկների օգնությանն են դիմում. 

«Մենք 3d պրինտերով կարող ենք տպել իմպլատները,  որոնք ժամանակի ընթացքում քայքայվում են և նրանց փոխարեն աճելու է բնական ոսկոր,  այսինքն՝ հիվանդը ոչ թե ամբողջ կյանքում կրում է մետաղական կտոր իր ոսկորի մեջ,  այլ 2 տարվա ընթացքում կարող է ունենալ իր բնական ոսկորը», - պատմեց Մարինան։ 

Հաջորդ տարի նոր և ավելի մեծ արտադրամաս կունենան,  հիմա կառուցման փուլում է։ Միևնույն ժամանակ պահպանելու են գիտական խումբը և գործակցելու են տարբեր համալսարանների և միջազգային ընկերությունների հետ,  որպեսզի զարգացնեն իմպլանտների արտադրությունը Հայաստանում: