«Նուռ» վարժարան կբացվի նաև Ավստրիայում
09.08.2021
Ֆրանսիայի Նուռ վարժարանի հիմնադիր տնօրենն այս տարի արդեն 8-րդ անգամ է այցելում հայրենիք: Նպատակը՝ տնտեսական ծրագրեր իրականացնելն է, կրթական փորձի փոխանակումը: Սփյուռքում կրթօջախ հիմնելով՝ Սոնա Սուրեկեն Սունգուլյանը փորձում է հայկական մշակույթը պահպանել:
«Ապրելով և աշխատելով Փարիզում, հասկացանք, որ կարիք կա հիմնել «Նուռ» վարժարան, որտեղ երեխաները կստանան համապարփակ գիտելիքներ. Հայոց լեզու, երգ, պար, թատրոն, կսովորեն մշակույթ», - ասաց Սոնա Սուրեկեն Սունգուլյանը:
Նուռ վարժարանը գործում է Ֆրանսիայի երկու քաղաքներում, ծրագրում են ընդլայնել ցանցը: Հայկական կրթօջախ պետք է բացվի նաև Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում: Այնտեղ երեխաները հայերեն սովորելու կարիք ունեն:
«Հայապահպանության ծրագրեր կկարողանան իրականացնել, ինչպես նաև կկարողանան համախմբել հայ մանուկներին, կսովորեցնեն հայերեն: Մեզ համար սա շատ կարևոր նշանակություն ունի. Եթե երեխան փոքրուց սովորի հայերեն, ազգային ոգով դաստիարակվի, նա հետագայում կլինի հայրենասեր», - ասաց Սոնա Սուրեկեն Սունգուլյանը:
«Նուռ» վարժարանում ուսուցումը արևելահայերեն և արևմտահայերեն է: Դասագրքերն անվճար են տրամադրվում: Վարժարանի սաները ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են տարբեր մշակութային միջոցառումների և համահայական գեղանկարչական մրցույթ փառատոնների: