×

Գերմանահայ դերասան Սարո Էմիրզեն Հայաստանում է՝ նոր ֆիլմում նկարահանվելու նպատակով

05.08.2021

Գերմանահայ դերասան Սարո Էմիրզեն 15 տարվա երկար դադարից հետո հիմա կրկին Հայաստանում է։ 

«Ես ուղղակի որոշեցի գալ, չգիտեմ՝ ինչու, ունեի այդ զգացումը Հայաստան գալու, շատ պատահական էր և հիմա ես այստեղ եմ», - ասաց Սարոն։

Իսկ եթե ավելի մանրամասն, Սարոն հիմա նկարահանվում է գերմանահայկական գործակցությամբ պատրաստվող մի ֆիլմում։ Հայաստան գալուն պես ծանոթացել է սցենարին և հավանել։ 

«Հուսով ենք՝ նկարահանումները կավարտենք հաջորդ տարի։ Ֆիլմը լինելու է գերմանահայկական համագործակցություն», - ասաց նա։

Սարոն ծնվել է Ֆրանկֆուրտում, դերասանական կրթությունը ստացել է Լայպցիգում։ Գերմանական թատրոնի բեմին առաջին անգամ հայտնվեց 2002-ին, երբ դեռ ուսանող էր։ Այդ ժամանակ էլ սկսվեց նրա դերասանական կարիերան։ Մինչև օրս տասնյակ ֆիլմերում, սերիալներում և թատրոններում է խաղացել՝ Շիլլերի Ավազակներից մինչև Շեքսպիրի Համլետը։ Դերասանը նկարահանվել է նաև օսկարակիր ռեժիսոր Բարի Լևինսոնի ֆիլմում, որը շուտով էկրաններ կբարձրանա։

«2 տարի առաջ ունեցա մեծ հնարավորություն նկարահանվել միջազգային ֆիլմում, դա հոլիվուդյան արտադրության էր, և ես գլխավոր դերերից մեկն ունեի, և մոտ կես տարի մենք Բուդապեշտում էինք, Նյու Յորքում, Վրաստանում», - պատմեց նա։

Երբ թատրոնում է խաղում, միշտ փորձում է գերմանացի հանդիսատեսին ճանաչելի դարձնել հայոց պատմությունը և Հայաստանը։  

«Օրինակ, սովոր եմ կատարել հայկական երգեր, գերմանացիներն, իհարկե, չեն հասկանում, բայց ես միշտ փորձում եմ այդպիսի ազդեցություն ունենալ, որովհետև ես հայ եմ», - ասում է դերասանը։ 

Չնայած, որ հայերենն առօրյայում շատ չի գործածում, բայց ասում է՝ ամեն հարմար առիթ գտնում է՝ հայերեն լսելու, խոսելու համար։ 

«Շատ հայերեն կխոսինք տունը, և մամայիս պատասխանը ամենեն ատեն գերմաներեն կուտամ», - ասաց նա։ 

Սարոն այս ընթացքում Հայաստանում հանդիպում է հայ ռեժիսորների և կինոարվեստի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ասում է՝ հայկական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալու դեպքում էլ՝ սիրով կընդունի այն։