×

Երևակայել, երազել ու ստեղծել. «Ապագա հայկականը» հրավիրում է բաց քննարկումների

28.07.2021

Երևակայել, երազել ու ստեղծել. «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանը 34 տարվա իր գործունեությունն այսպես է ներկայացնում և վստահեցնում է՝ վառ երևակայությունն օգնում է նորարար լինել։ Այս փորձն էլ ներդնելու է Հայաստանի ապագայի համար։ 

«Ես միշտ հպարտ հայ եմ եղել, բայց այս գիշեր հատկապես հպարտ էի, որովհետև այն ուժը, որ ներկայացնում եք դուք՝ ապագային նվիրված, մեծ բանակ է, և ապագան մեզնից պահանջում է համբերություն, հավատք, հույս, մեծ աշխատանք, և երևակայություն», - ասաց Նուբար Աֆեյանը։ 

Շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանն էլ երկրի խնդիրները լուծելու համար մեկ բանաձև է առաջարկում՝ լսել իրար, սովորել իրարից և համախմբվել այն 15 նպատակների շուրջ, որն ունի «Ապագա հայկականը»։ Համոզված է՝ հիմա է աշխարհին ավելին փոխանցելու և ավելին ցույց տալու ժամանակը, առաջին քայլն էլ արդեն արել են.

«Ճաապարհի կեսն առաջին քայլն է, առաջին քայլը մենք արել ենք, որովհետև մենք ասում ենք ամենակարևորը՝ մեր ապագան մեր ձեռքերում է, մեր ապագայի համար մենք ենք պատասխանատվություն կրում, և մեր ապագան մենք պիտի միասին կառուցենք», - ասաց Ռուբեն Վարդանյանը։ 

Նախաձեռնության անդամները հրավիրում են բաց քննարկումների, խոսելու ԻՆՉ-երի և ԻՆՉՊԵՍ-ների մասին։ Քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրն էլ իրեն պատկերացնում է նախաձեռնության նպատակների իրականացման մի մասը. 

«Ես անտարբեր չեմ մեր երկրի ապագայի նկատմամբ ու ես հավատում եմ, որ պիտի լավ լինի, եթե մենք միասին ամեն ինչ անենք և հաղթահարենք», - ասաց մասնակիցներից մեկը։ 

«Ամեն ինչ անելու եմ իմ կողմից, որ այս նախագիծը մեծ հաջողություն ունենա, դրա համար այստեղ եմ», - նշեց քննարկման մասնակիցներից մեկը։

100 երկրից 90 հազարից ավելի համանախաձեռնող արդեն միացել են «Ապագա հայկական»-ը նախաձեռնությանը։ Հետաքրքրված անհատները, կազմակերպություններն ու հաստատությունները կարող են դառնալ նախաձեռնող՝ այցելելով Futurearmenian.com կայք։ Առաջիկայում ծրագրի շրջանակում կշարունակվեն հանրային քննարկումներն ու բանավեճերը՝ մարդկանց իրազեկելու և ավելի լայն լսարանների ու աջակիցների ներգրավելու համար: