×

Հայազգի պրոֆեսորն ստեղծելու է արևային և լազերային առագաստներ

08.06.2021

Հնարավո՞ր է հաղորդակցվել տիեզերքի հետ արևի միջոցով. այս հարցի պատասխանը հայազգի պրոֆեսոր Արթուր Դավոյանն է փորձում գտնել իր գործընկերների հետ։ Աշխատում են ստեղծել արևային առագաստներ։ Գաղափարը սկզբում բարդ էր թվում, բայց հիմա արդեն հստակ քայլերով առաջ են շարժվում։ Ծրագիրը ֆինանսավորել է NASA-ն. 

«Արևի ճառագայթները մենք, իհարկե, չենք կարող հստակ տեսնել, բայց արևի էներգիան կարողանում է ոչ միայն ջերմացնել, այլ նաև հրել ինչ-որ առարկաներ։ Շատ ժամանակատար աշխատանք է, բայց մենք պետք է ստեղծենք մի մեծ տարածք, որտեղ արևի էներգիան կհրի այդ առագաստները կոնկրետ ուղղությամբ», - ասաց պրոֆեսորը։ 

Մյուս ծրագիրը լազերային առագաստների մասին է, կամ, ինչպես իրենք են անվանում՝ Breakthrough Starshot-ը։ Նախատեսվում է օգտագործել մի առագաստ, որի շնորհիվ ընդամենը 20 տարի կպահանջվի ամենամոտ աստղային համակարգ՝ Կենտավրոսի ալֆա հասնելու համար.

«Իմ խումբն աշխատում է այդ տիեզերանավի դիզայնի վրա։ Հիմա աշխատում ենք լուծել որոշ տեխնիկական խնդիրներ, թե ինչ տեսք պետք է ունենա տիեզերանավը, որպեսզի կարողանա դիմակայել այս բարձր հզորությամբ լազերային ճառագայթմանն ու հաղորդակցությանը, և ինչպես է այն ազդանշաններ ուղարկելու, երբ հասնի տիեզերք», - ասաց Դավոյանը։

Պրոֆեսորը պատմում է, որ ունեն նաև հայկական մի բաժին, որի նպատակն է հասկանալ, թե ի՞նչ նախագծեր կան Հայաստանում, որոնց կարող են աջակցել։ Հիմա Ալիխանյանի անվան ազգային ինստիտուտի հետ իրականացնում են «Մաքուր սենյակ» նախագիծը։ Նպատակն է՝ օդում կարողանալ կառավարել փոշու պարունակությունը։ Արթուր Դավոյանը նաև պլանավորում է Հայաստան այցելել։ Իսկ մինչև այդ՝ հետաքրքրասերները կարող են դիմել նրան, պատրաստ է աշխատել և լսել նոր գաղափարների մասին։