×

Զբոսաշրջիկներն ու տեղացիները կարող են Հայաստանը ճանաչել նաև էքստրեմալ տուրիզմով

31.05.2021

Հայաստանի բոլոր մարզերը մեկ վայրում են։ Երևանի խաչքարերի պուրակը դարձել է մարզային տուրիզմի կենտրոն։ Հայաստան եկած զբոսաշրջիկներին միայն ուտել-խմելու չեն կանչում։ Տավուշում դա էլ կա, բայց մինչև այդ էքստրեմալ տուրիզմ են առաջարկում։ 

«Արշավներ, քարեր հավաքել, գտնել, փնտրել, կենդանիներին նայել, ձիով արշավներ ու դրանից հետո միայն ուտել-խմել», - պատմում է Գայանե Չիբուխչյանը։ 

Լոռին, որքան էլ հայտնի է իր պանրով, այս անգամ այցելուներին նաև այլ ծառայություններով է ներկայանում։ Այս մարզում մեծ ուշադրություն են դարձնում էքստրիմին։ 

«Սա մեր արկածային տուրիզմի մեկ բաղադրիչ է։ Սրանք VR ակնոցներ են, որով հեծանվային արշավներ են կազմակերպվում Լոռվա լեռներում։  Վրանային տուրիզմը ներկայացնում է «Տուկ» կազմակերպությունը։ Կոնկրետ հետաքրքիր արշավներ, հանգստի կազմակերպում, հեծանվային արշավ, քայլարշավ, գտնվում է Դսեղ համայնքում, բոլորիս հայտնի Թումանյանի ծննդավայրում։ Եվ Լոռին այսօր բացահայտված է նաև ռաֆթինգի տեսանկյունով», - պատմում է Հասմիկ Մկրտչյանը։ 

Սյունիքում էլ հյուրերին կանչում են բուրդ մանելու։ Դրանից թել են ստանում, հետո կարպետ գործում։ Ամբողջ գործընթացը մանրամասն ներկայացնում են զբոսաշրջիկներին։

«Հիմա բուրդ ենք գզում, որ թել մանեմ ճախարակով։ Ոչխարի մաքուր բուրդն է, լվացած, սանդերքով գզում ենք, որպեսզի թել մանենք, կարպետ գործենք», - նշեց Ալվարդ Շալունցը։ 

Եթե Հայաստանի գետերն ու լճերն եք ուզում տեսնել, ապա ձեզ համար էլ հետաքրքիր առաջարկ ունեն։ Հայաստանի բնությունն ու տեսարժան վայրերը կարելի է վայելել նաև թիավարելով։ 

«Կանգնած տախտակի վրա թիավարում ես, տուրեր ես անում։ Տուրեր ենք կազմակերպում Հայաստանի տարբեր լճերում, ջրամբարներում, ու գետերում։ Ջրային մեծ զանգվածներում, որտեղ տեսնելու բաներ կան, իսկ Հայաստանում տեսնելու շատ տեղեր կան», - պատմեց Կարեն Սարգսյանը։ 

Այս առաջարկից առայժմ ամենաշատն օգտվում են զբոսաշրջիկները։ Տեղացիների համար դեռ նորություն է։ Սա ընդամենը մի հ  ատվածն էր, որ կարելի է տեսնել ու ճանաչել Հայաստանը։ Այստեղ եկող զբոսաշրջիկներին մարզերում առաջարկում են նաև հանգիստն անցկացնել՝ օգտվելով բերք ու բարիքից։