Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի նախագահը նպատակ ունի զարգացնել Հայաստանի հետ գործակցությունը
31.05.2021

Սիրիայի խորհրդարանի անդամ Լուսի Իսկէնեանը 2020-ին ընտրված խորհրդարանում ընտրվել է Հայաստան-Սիրիա հանձնաժողովի նախագահ և իր աշխատակիցների հետ ծրագրում է զարգացնել Հայաստան-Սիրիա հարաբերությունները՝ հատկապես կրթական և տնտեսական բնագավառներում։ Այդ մասին նա պատմել է «Լուրերի» հետ զրույցում։
«Շատ մեծ ցանկություն կա, որ Հայաստանում սիրիացի աշակերտները կարողանան կրթաթոշակ ստանալ: Խոսեցինք դեսպանի հետ այս մասին և պատասխանին ենք սպասում», - ասել է Իսկէնեանը։
Հայ պատգամավորն այս ծրագրի օգտակարությունը նաև այլ դիտանկյունից է տեսնում։ Ըստ նրա՝ այսպիսով սիրիացի աշակերտները կգան Հայաստան և կծանոթանան երկրին, կիմանան հայոց պատմությունը և այդ գիտելիքը կփոխանցեն մյուսներին։ Հայ պատգամավորի նպատակն է՝ արաբական աշխարհում ճանաչելի դարձնել հայոց պատմությունը և հայ մշակույթը։
«Այս նպատակով Սիրիայի առևտրական գրասենյակը ցանկություն է հայտնել հարաբերություններ մշակել և գործակցության ուղիներ փնտրել Հայաստանի համապատասխան մարմինների հետ», - նշել է նա։
Պատգամավորը հույս ունի, որ առաջիկայում Սիրիայի ընդհանուր վիճակը կբարելավվի։Նրա կարծիքով՝ ներկայումս ակնհայտ նշաններ կան լավ ապագայի համար։
Ըստ Լյուսի Իսկէնեանի՝ սիրիահայերն առաջինն իրավունք ունեն օգտվելու այս նոր վիճակից, քանի որ շատ ջանք են գործադրել Սիրիայի համար, և եկել է պտուղները քաղելու ժամանակը։ Պատգամավորի խոսքով՝ սիրիահայության համար Սիրիայի իրավիճակի բարեփոխումը նույնքան կարևոր է, որքան Հայաստանի վիճակի բարելավումը: