Պետդեպարտամենտը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
28.05.2021

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսին հայտարարություն է տարածել, որտեղ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների, «հայ զինծառայողների ձերբակալման առնչությամբ»։ Հայտարարությունը հրապարակվել է կառույցի կայքում։
Պետդեպարտամենտը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Բաքվին հիշեցրել է բոլոր գերիների հետ մարդասիրաբար վարվելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների մասին։
«Մենք երկու կողմին կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։ Հայաստանին ևս հորդորում ենք վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր և ողջունում ենք այդ մասին հայտարարությունները։ Դա թույլ կտա նվազեցնել լարվածությունը սահմանին և տարածք կստեղծի խաղաղ բանակցային գործընթացի համար՝ շտապ կարգով սահմանազատման համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չգծանշված տարածքներում: «Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չսահմանազատված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն նաև կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար։