Սթափ ու հավասարակշիռ որոշումներով կանգնելու ենք անկախության դիրքերում. Նիկոլ Փաշինյան
28.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Նրա խոսքով՝ այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է։ Այն մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր ձգտումը։
«1918 թվականի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջև էր կանգնած։ Թվում էր, թե անխուսափելի է կործանումը։ Թվում էր, թե մենք վերջնականորեն կորցնելու ենք մեր հայրենի հողի վրա պետություն ստեղծելու և մեր բնօրրանում ապրելու իրավունքը։ Սակայն ժողովրդի ուժերի գերլարումով, Արամ Մանուկյանի ոգու և կամքի առաջնորդությամբ հայությունը կարողացավ կանգնեցնել թշնամու գրոհը և Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում մեկընդմիշտ հաստատել ինքնիշխան պետություն ունենալու իր անքակտելի իրավունքը», - իր ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները՝ Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն, Նժդեհը, Դանիել ու Պողոս Բեկ-Փիրումյանները, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղան, ողջ հայկական բանակն ու աշխարհազորայինները, զենքը ձեռքին կռվող հոգևորականները դարձան Հայաստանի անկախության կերտողները։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն ու մյուս հերոսները մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչներն են, ովքեր առանց վարանելու ամուր կանգնած են իրենց հողի և ջրի վրա:
«Դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության և պետականության: Համոզված եմ, այսօր էլ պետք է գործենք նույն ոգով, Երևանից մինչև սահմանապահ գյուղեր լինենք որպես մեկ ընտանիք՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի անվտանգության ապահովման», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծում է՝ սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած են և կանգնելու են պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չեն տալու թշնամուն հասնել իր նպատակներին: Սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող:
«Եվ ինչպես Արամ Մանուկյանն էր 1918-ի հուսահատության օրերին ասում՝ «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այսօրվա մեր առաջնային խնդիրն է, որից հետո, անկասկած, հայ ժողովուրդը քայլելու է մեր երազանքների Հայաստանի կերտման ճանապարհով: Ուստի միասին դեպի գործ և աշխատանք», - իր շնորհավորական ուղերձում նշել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: