×

Սերժ Ավետիքյանը՝ իր ֆիլմերի, Հայաստանի ու սփյուռքի մասին

25.05.2021

Ֆրանսահայ կինոռեժիսորին ամեն անգամ Հայաստան է բերում կինոն։ Սերժ Ավետիքյանն անկեղծանում է՝ իր երազանքներից մեկն այն  է, որ իր գործերը դառնան համամարդկային, կարողանան ճամփորդեն ու հասնեն հանդիսատեսին։ Հենց այդտեղ է, որ կինոռեժիսորն ընգծում է՝ իր գործերը միայն հայ կամ ֆրանսիացի հանդիսատեսի համար չեն, դրանք բոլորի համար են։

«Ես կարծում եմ, որ երբեք որևէ բան չեմ ստեղծել միայն հայ հանդիսատեսի համար։ Դա սխալ կլիներ իմ կողմից։ Նախ գործում եմ ավելի շատ ֆրանսիայում, քան Հայաստանում։ Ինձ համար կարևոր է, որ այն ինչ որ ժառանգված է, այն ինչ որ բխվում է ներսից, հասնի համամարդկային ձևով ուրիշ հանդիսատեսներին էլ», - ասաց Սերժ Ավետիքյանը։

Ֆրանսահայ կինոռեժիսորի արվեստին քաջատեղյակները կնկատեն՝ նրա ֆիլմերում մեկ ընդհանուր գիծ կա։ Սերժ Ավետիքյանը յուրաքանչյուր գործ ստեղծելիս համեմում է պոեզիայով։  

«Երկրորդ գծերից մեկն է սծիլիզացիան, ես չեմ սիրում շատ ռեալ կինոն, պետք է մեջը լինի սծիրիզացված ժամանակի հանդեպ մոտեցում, որովհետև հենց կինոյի, շարժապատկերի գաղտնիքներից մեկը դա նրա հարաբերությունն է ռիթմին, տեմպին և ժամանակին», - նշեց նա։  

Տեմպից ու ժամանակից հետ չընկնելու համար էլ Սերժ Ավետիքյանն առաջարկում է՝ դուրս գալ պաթոլոգիայից։ Ասում է՝ սա բոլոր ոլորտներին է վերաբերում։ Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ խնդիրները, հոգսերը միայն իրենը չեն, դրանք բոլորինն են, բոլոր ժողովուրդներն էլ դժվարությունների միջով են անցել ու անցնում։  

«Կարծում եմ, որ հենց հիմա այդ պաթոլոգիան հետ է գալիս, որ մեր ժողովուրդը կառուցել է չեղյալի վրա, միշտ կառուցել է կոտրվածի վրա։ Ոչ թե պետք է դա չիմանալ և չանել, այլ պետք է դրա վրա հիմնվել և դրանից անցնել, դա պետք է մարսել, որովհետև եթե՝ ոչ, մենք կմնանք միշտ այդ տխուր և պաթոլոգիկ պրոցեսի մեջ», - ասաց ֆրանսահայ կինոռեժիսորը։

Անցյալը, քաղած դասերը կարելի է վերաարժևորել, ընկալել ու վերլուծել նաև արվեստի միջոցով։ Սերժ Ավետիքյանը նկատում է՝ հայկական կինոարտադրության երիտասարդ ներկայացուցիչները նոր փորձեր են անում ոլորտում։

«Ես նկատում եմ, որ երիտասարդների մոտ կա ձգտում պահպանել պոեզիան կինոյում, կա ձգտում սիմվոլիզմի հետ կապ ունենալ, ինչը ուղղակի ձևով չի կարող արտահայտվել, և պետք է գնալ ժեստեր գտնելու, որպեսզի արտահայտես այն, ինչը չես կարող ուղղակի ձևով ասել», - պատմեց Ավետիքյանը։

Միևնույն ժամանակ հայկական կինոյում պակասում է կենցաղը։ Ֆրանսահայ կինոռեժիսորի խոսքով՝ զգացմունքային, պարզ խնդիրների մասին Հայաստանում կինոյի միջոցով քիչ են խոսում։

«Կարծես, թե տաբուներ լինեն, այնպիսի սյուժեներ կան, որ չեմ տեսնունմ կինոյում, մարդ ու կին, ընտանիք, փողոց, սոցիալական դիրք, անվստահություն, տրագեդիա ներքին, քիչ եմ տեսնում դա, կյարծես թե այն ինչ-որ պետք է արտահայտվի, պետք է միշտ լինի էսպես շատ ձգված, շատ ուժեղ, իսկ միքիչ պարզություն մտցնել, դա չի նշանակում հասարակ լինել, պարզ լինելը դժվար է արվեստում։

Սերժ Ավետիքյանը բերում է Հայաստանի և սփյուռքի օրինակը։ Ասում՝ սփյուռքն ունի իր մշակույթը, որը տարբեր է Հայաստանում ապրող հայերի մշակույթից։

«Իրենք ապրել են ուրիշ գաղթականություն, ուրիշ ցավեր, որոնք նման են, բայց որոնք տարբեր են։ Հետո իրենք դարձել են Ֆրասնիայի քաղաքացի, Իտալիայի, Ամերիկայի և այլն։ Դա նշանակում է, որ ինտեգրված են ուրիշ լեզվի մեջ, բայց ունեն իրենց ինքնությունը։

Հարցերն էլ, խնդիրներն էլ սեղանի վրա տարբեր կերպ են դրված։ Ըստ Ավետիքյանի՝ սփյուռքահայը ապրում է ուրիշի հողի վրա, բայց ունի իր ներքին Հայաստանը, որն իրենն է, բայց որոշ ժամանակ նաև պաթոլոգիկ։ Ֆրանսահայ կինոռեժիսորն ընգծում է՝ Հայաստանին ու սփյուռքին այս ճանապարհին կարող է կապել արվեստը, իր դեպքում՝ կինոն։