Ինչպե՞ս սփյուռքահայ գործարարը հաստատվեց հայրենիքում և բիզնես հիմնեց
21.05.2021
Գործարար Հովհաննես Մխճյանը Արցախյան վերջին պատերազմից առաջ էր այցելել Հայաստան՝ կարճ ժամանակով։ Պատերազմի ավարտից հետո պլանները փոխվեցին, իսկ նախկինում ունեցած գաղափարների շուրջ հարցերը շատացան՝ ի՞նչ անել, ինչի՞ց սկսել և որտե՞ղ.
«Լավագույն պատասխանն այս բոլորի՝ հայրենիքում լինելն էր, մեր հայրենիքը կերտել, զորացնել», - ասաց նա։
Հովհաննեսը ապրել է տարբեր երկրներում. ծնվել է Լիբանանում, մեծացել Կոստանդնուպոլսում, սովորել Ամերիկայում և Անգլիայում։ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում բնակարան էր գնել, որպեսզի հաճախ այցելի հայրենիք։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո էլ որոշեց իր ներդրումը ունենալ և ծրագրերն իրականացնել Հայաստանում.
«Իմ նպատակը հողատարածքներ գնելն էր և սարքել ամերիկյան կոմֆորտով, միջերկրական գույներով, դիզայնով և առնվազն 80 տոկոս հայկական հումքերով ստանալ գեղեցիկ բնակարաններ»։
Բնկարանները Երևանում և տարբեր մարզերում են՝ սփյուռքահայերի համար, որպեսզի վերադառնան Հայաստան, գնեն և ապրեն այստեղ, ինչպես ինքն է արել։ Հիմա էլ Երևանում ռեստորան ունի։ Մատուցում են ասիական խոհանոցի տարբեր ուտեստներ: Ռեստորանի անունը որոշել են դնել «Ջանֆո»։
«Ջանը մեր իմացած ջան-ջիգյարի գաղափարն է, որ առանց դրա հայկականությունը չի կարող ոչ գոյատևել, ոչ էլ համը տալ մեր հաճախորդներին, ֆո-ն էլ ներկայացնում է վիետնամական ապուրի տեսակ, որ տարածված է աշխարհով մեկ»։
Հովհաննես Մխճյանը հիմա նաև ուզում է Լիբանանում ունեցած բիզնեսը տեղափոխել այստեղ։ Արդեն հարմարվել է Հայաստանում։ Հայրենիքից հեռու ապրող հայերին էլ կոչ է անում՝ նախ իրենց հարցնեն՝ ի՞նչ կարող են անել Հայաստանի վիճակը բարելավելու համար, հետո էլ՝ միասին աշխատեն և ներդրում ունենան հայրենիքում։