Թանգարան՝ ռեստորանում. «ՃաշԱԿ»-ը Պոլսի խոհանոցն ու Արա Գյուլերի գործերը մեկտեղել է մի հարկի տակ
07.05.2021
Պոլսի հեքիաթը Երևան բերելու համար եկավ հայրենիք, հաստատվեց այստեղ և որոշեց՝ Պոլսի ճաշատեսակներն ու Արա Գյուլերի լուսանկարները մեկտեղել մի հարկի տակ։ Այդպես Տայք Միրիջանյանը Երևանի կենտրոնում բացեց «ՃաշԱԿ» ռեստորանը։
Հայկական խոհանոցն է, Պոլսի խոհանոցը՝ պոլսական ոճով, և ցանկանում էի «Ճաշ»-ը բերել Հայաստան: 2013-ին Արայի հետ եկանք Հայաստան, եղավ իր ցուցահանդեսը, և ցանկացանք մի փոքրիկ թանգարան բացել այստեղ:
«Ճաշ»-ը և Արա Գյուլերի Ա.Գ.-ը միացավ և և ստացվեց Ճաշակ: Միևնույն ժամանակ ակ-ը աղբյուրն է և աչքն է,Գյուլերն էլ «Ստամբուլի աչքն» է:
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի հետ Տայքը ծանոթացավ Պոլսի Մխիթարյան կրթարանում: Դարձան լավ ընկերներ և որոշեցին հայրենիքում ստեղծել իրենց գործը: Տայքի կարծիքով կյանքում կարևորn այն է, որ յուրաքանչյուր ազգ ունենա իր ձեռագիրը, սերունդները խոսեն և ճանաչեն հային իր արված գործի շնորհիվ:
Մշակութային տան պես էի ցանկանում դարձնել, Պոլիսը իրեն հատուկ սեղանի և ուտեստների ոճը ունի, ավելի մոտ է արևմտյան և միջերկրական ծովի ոճերին՝ ձկնեղեն, մսեղեն, և ձիթայուղով ճաշատեսակներ են ավելի շատ:
Արա Գյուլերը կարմիր գինու սիրահար էր, դա է պատճառը, որ ռեստորանի տարբեր անկյուններում ներկայացված է հայկական գինու մեծ տեսականի, մենյուն ընդգրկում է տարբեր խոհանոցների ուտեստներ՝ ծովամթերքից մինչև հայկական խորոված: Պոլսահայ գործարարը մտածել է նաև երիտասարդների մասին, ռեստորանին կից հիմնել է փաբ-գարեջրատուն:
Մի քանի հատ սեթ եմ պատրաստել, մեկը Ստամբուլի՝ Պոլիսի սեթն է, առանց երկար փնտրելով մենյուում կարող են սրա միջոցով մարդիկ հասկանալ Պոլիսի ոճը, որը փոքրիկ ափսեներով նման է Հալեպի կամ Բեյրութի խոհանոցին, տարբեր համերով ուտեստներ են:
«ՃաշԱԿ»-ում ամեն անկյուն հիշեցնում է Պոլիսը, հայերին, անգամ կահույքը, որ Պոլսահայերի տներում էր, հիմա այստեղ է։ Տայք Միրիջանյանի խոսքով՝ սա կարծես փոքրիկ մի աշխարհ լինի երևանի կենտրոնում։
Մենք էլ նույն կահույքներն ունեինք տանը, բազմոցները, հին աթոռները, հին կահույքները, տարբեր առարկաներ: Դրանք բոլորը հավաքել եմ, ցանկացել եմ վերածնունդ տալ իրերին մեր ռեստորանում, որպեսզի մեր ոճի մասին կարողանանք պատմել թե՛ երևանցիներին, թե՛ զբոսաշրջիկներին:
Պոլսի հեքիաթը Երևան բերելու միտքը Տայք Միրիջանյանին հուշեց հենց Երևանը։ Ասում է՝ քաղաքն իր առօրյայով, անցուդարձով ու մարդկանցով ձևավորում է յուրօրինակ մշակութային միջավայր։
Ինձ համար այս քաղաքում ամենահետքրքիրը մշակութային կյանքն է, շատ տեղեր կան բնության գրկում, բայց մշակույթը ինձ ոգեշնչում է, ուրախ եմ, որ Երևանում եմ:
Գործարարի կարծիքով՝ «ՃաշԱԿ»-ն առանձնանում է բոլոր ռեստորաններից, այստեղ հյուրերը զգում են իրենց ինչպես տանը: Տայք Միրիջանյանն ընգծում է՝հայրենիքում ապրելը և ստեղծագործելը կարևոր է ամեն հայի համար: