ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումը հայ համայնքի և սփյուռքի հետևողական աշխատանքի արդյունքն է
03.05.2021

Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առումով Երևանը ի՞նչ է ծրագրում անել և ինչպիսի՞ հնարավորություններ են ստեղծվելու։ Փաշինյանը պատասխանեց, որ նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը.
«Ես կարծում եմ, որ այստեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ և երկու կարճաժամկետ գործոն։ Երկարաժամկետ գործոնը, միանշանակ, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է։ Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է և այս համատեքստում դիսոնանսը, որն առաջացել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև։ Կարճաժամկետ գործոններից երկուսը կնշեմ. առաջինը՝ 44-օրյա պատերազմի և դրանում Թուրքիայի բացահայտ և ակտիվ ներգրավվածությունը, և մյուս գործոնը՝ ՀՀ ժողովրդավարական երկիր լինելը։ Այս չորս գործոններն են, իմ համոզմամբ, որ բերել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից այդ աննախադեպ և պատմական որոշման կայացմանը», - ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև, որ իր նշած հանգամանքների բերումով տեղի ունեցողը կապ ունի նաև Լեռնային Ղարաբաղի հարցի և դրա հետագա կարգավորման հետ։ Ըստ նրա՝ եթե ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին ավելացվեն պատերազմից հետո ՌԴ նախագահի մեկնաբանությունները՝ Լեռնային Ղարաբաղի հարցի ծագումնաբանության և Արցախի հայության անվտանգության մասին, նաև պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ երկրորդ հայտարարությանը, պարզ կլինի, որ այս բոլոր գործընթացները մեկը մյուսի հետ ունեն խորքային կապ։ Փաշինյանն առաջարկեց այս հարցը քննարկել նաև խորհրդարանական ուժերի հետ և պլանավորել դրան առնչվող ռազմավարությունները։