«Ադրբեջանն ամեն ինչին ասել է ոչ». Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ բանակցությունների մասին
03.05.2021

Ազգային Ժողովը հատուկ նիստ է գումարել, որի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց ընտրություններ անցկացնելու վերաբերյալ այն կոնսենսուսը, որը ձեռք էր բերվել ԱԺ խմբակցությունների և ՀՀ նախագահի հետ։
«Այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում այն մասին, որ ահա, ինչ-որ մի պահի, ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել։ Ես նախորդ անգամ ասել եմ այս ամբիոնից, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, մենք ունենք պատրաստի լուծում՝ այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։ Եվ ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի», - ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի համավարակի հարցին և բոլորին կոչ արեց պատվաստվել և լուսաբանել պատվաստվելու ընթացքը։ Նա ընդգծեց, որ շուտով ճանապարհորդական սահմանափակումներ են գործելու և զբոսաշրջիկների համար պարտադիր է լինելու պատվաստվելը։ Փաշինյանը նաև կոչ արեց չտրվել պատվաստանյութի վերաբերյալ շահարկումներին։
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, որտեղ նա խոսել էր Լեռնային Ղարաբաղի հարցի և բանակցային գործընթացի մասին, որով նա ընդգծել էր, որ 2018 թվականից հետո խաթարվել են բանակցությունները։ Փաշինյանը նկատեց, որ այսպիսի հայտարարությունները լավ առիթ են բանակցային բովանդակության նոր շերտեր բացելու համար, որի համար որոշակի սահմանափակումներ կային նախկինում.
«Բանակցային բովանդակությունը փոխվել է 2015 թվականի աշնանը և 2016 թվականի ձմռանը։ Եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի պատմել մարդկանց 2015 թվականի աշնան և 2016 թվականի ձմռան իրադարձությունների մասին, որից հետո եկել է 2016-ի գարունը և եղել է ապրիլի 2, բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ և դա ապացուցող փաստաթղթեր, բանակցությունների արձանագրություններ կան, որոնց հետ ես աշխատել եմ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո», - ասաց նա։
Նույն հարցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև 5+2 ձևաչափով շրջանները հանձնելու հարցի մասին և ասաց, որ Ադրբեջանը դրան չի համաձայնել։
«Հայկական կողմը ասել է, որ մենք 7 շրջանները հանձնում ենք, Ադրբեջանն ասել է՝ ոչ, հայկական կողմն ասել է, որ մենք ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը, որի մեջ մտնում են նաև ադրբեջանցիներ, Ադրբեջանն էլի է ասել՝ ոչ։ Ադրբեջանն ամեն ինչին ասել է ոչ։ Ի դեպ, պատերազմի ընթացքում ես մի քանի անգամ հարցազրույց եմ տվել և ասել, որ ցանկացած բան, որին համաձայն է Հայաստանը, նույնիսկ ամենավատ տարբերակը, հաջորդ պահին Ադրբեջանը համաձայն չէ, ինքն ուզում է ավելին», - ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլին Ազգային Ժողովի ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարել է բանակցային գործընթացի ձախողման և պատերազմի տրամաբանության մեկնարկի մասին և այդ տեսանյութերը կան։