ՀՀ-ՌԴ հարաբերությունները համաչափ և ակտիվ զարգանում են. Նիկոլ Փաշինյան
30.04.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները համաչափ և ակտիվ զարգանում են.
«Պետք է նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունները խորանում են, և դա լավ գործոն է նաև մեր տարածաշրջանի կայունության համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ վարչապետը ասաց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերը։ Համատեղ ձեռնարկություններն իրագործում են խոշոր տնտեսական նախագծեր։
«Հետպատերազմյան այս բարդ իրավիճակում Ռուսաստանն աջակցում է, մենք մասշտաբային հումանիտար օժանդակություն ենք տրամադրում, և հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականների՝ իրենց բնակության մշտական վայրեր վերադարձի և հաջորդիվ՝ ենթակառուցվածքների վերականգնման համար: Մենք նաև ակտիվ համատեղ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասաց Միխայիլ Միշուստինը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին։ Փաշինյանն ընդգծեց, որ հենց արդյունաբերական ճյուղն է հանդիսանում Միության տնտեսական համակարգի շարժիչ ուժերից մեկը:
«Ապրանքների միասնական լիարժեք շուկայի ստեղծումն, առանց այդ ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն մշակելու, գործնականում իրագործելի չէ։ Մենք հետաքրքրված ենք նրանով, որ բարձրացնենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակությունն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Իզվեստիա» լրատվականին։ Նա ասել է, որ կարևոր է՝ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Կարևոր է նաև, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան:
Աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։