×

Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները չի կատարում. Նիկոլ Փաշինյան

29.04.2021

Կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու հետ կապված Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները չի կատարում։ Նա արձանագրեց, որ այս փաստն արդեն միջազգային օրակարգի հարց է դարձել. 

«Երեկ եվրամիությունը շատ կարևոր ուշ երեկոյան հայտարարություն է տարածել, որում արձանագրում է շատ կոնկրետ և շատ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում, անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից։ Սա շատ կարևոր արձանագրում է, ընդ որում կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացներին, ինչը, ըստ էության, քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ»,- նշեց Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ վերջին շրջանում գերեվարված անձանց վերաբերյալ միջազգային ակտիվությունը մեծացնում է այն լավատեսությունը, որ այս հարցում կլինեն կոնկրետ արդյունքներ։ 

Կառավարության անդամները նաև քննարկեցին երկրում համաճարակային իրավիճակը՝ կարևորելով կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործընթացը։ 

«Մենք հիմա, փառք Աստծո, ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի հետ, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում», - ասաց վարչապետը։ 

Պատվաստվելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն քաղաքացիները և ինչպե՞ս օգտվել դրանցից. մանրամասները ներկայացրեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը.

«Սիրելի՛ քաղաքացիներ, անկախ ձեր կցագրված վայրից, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը։ Հաջորդ շաբաթվանից մենք կունենանք շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն և ևս մեկ քայլ կմոտեցնեն մեր քաղաքացիների պատվաստման հնարավորությունը։ Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը ևս, ինձ զգում եմ շատ լավ և հույս ունեմ, որ այս օրինակը վարակիչ կլինի», - ասաց նախարարի պաշտոնակատարը։ 

Հայաստանն առաջիկայում պատվաստանյութ կներկրի նաև Չինաստանից։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, եթե որևէ պատվաստանյութ վտանգ առաջացնի քաղաքացիների կյանքի համար, կառավարությունը չի ընդունի այն.

«Շատ կարևոր եմ համարում, որ խլացվեն բոլոր այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ։ Պարո՛ն Քերոբյան, պետք է բիզնեսը նույնպես ներգրավել, որ այս պրոցեսը պատճաշ մակարդակով իրականացվի, և, պարո՛ն Հարությունյան, կարծում եմ, որ Զինված ուժերում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթացը, ընդհանրապես պետական մարմիններում, մենք այդ առաջնորդությունը պետք է ստանձնենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։ 

Հայաստանում կթույլատրվի կանեփի արտադրությունը։ Ներմուծումը, արտահանումը և մեծածախ առևտուրը կթույլատրվեն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Կարգելվի այն օգտագործել որպես թմրամիջոց. 

«Բավականին լուրջ վերահսկողության համակարգ է նախատեսվում արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի ոլորտում ափիոնի շրջաառության կանխարգելման նպատակով։ Եվ այդ վերահսկողությունն իրականացվելու է տեսչական մարմինների կողմից, մասնավորապես ենթադրվում է ոոստիկանության ներգրավվածությունը գործընթացում», - ասաց փոխվարչապետի պաշտնակատար Տիգրան Ավինյանը։ 

Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս գործունեության համար բարձր պետական տուրքի դրույքաչափեր են նախատեսվել՝ հաշվի առնելով նաև եկամտաբերության չափը։ Նախագծի կարգավորումներով կթույլատրվի միայն փակ տարածքներում արտադրությունը։