«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հետևողական է նվիրաբերված յուրաքանչյուր լումայի նկատմամբ
29.04.2021
Գիտակցելով զինվորի կողմից վճարվող գինը հայրենիքի խաղաղության և սերունդների անվտանգ ապագայի համար՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվեց 2017 թվականին ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
«Ստեղծման ամենակարևոր նպատակը այն էր, որ հատուցումները լինեն հավասար, բոլորը հավասարապես ստանան, արդար բաշխվի: Չափազանց կարևոր է համակարգված տրամադրել հատուցումները և երկարաժամկետ, հիմնադրամը հենց դա է անում՝ մեկ անգամ խոշոր հատուցում է կատարում 10 մլն չափով, այնուհետև ամեն ամիս 200-300 հազար դրամի չափով: Կոչս է մեր բոլոր հայրենակիցներին ՝ լինեն Հայաստանում, թե սփյուռքում, եթե ցանկանում են օգնել զոհված, հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զինվորների ընտանիքներին, ապա փոխանցում կատարեք միայն հիմնադրամի միջոցով»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:
Համաձայն գործող օրեսնդրության հիմնադրամի շահառու կարող են դառնալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները՝ ծնողները, կինը և երեխաները: Ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողները: Հիմնադրամը այժմ հատուցման որոշում է կայացրել շուրջ 2500 շահառուհի համար: Փաստացի վճարում է կատարվել շուրջ 2100 անձի, մնացածը գտնվում են վճարման փուլում:
«Հիմնադրամը ապահովում է հատուցումների գործընթացը, ինչպես գիտեք նախկինում կապված քանակների հետ կային կուտակումներ, սակայն այսօր այդ կուտակումների խնդիրը լուծված է և ինչպես խոստացվել է, մինչև մայիս մենք վճարման կուղարկենք բոլոր այն դիմումները, որոնք մենք ստացել ենք մինչև ապրիլի 1-ը», - նշեց Սմբատ Սաիյանը:
Հաճախ փաստաթղթերում լինում են անճշտություններ, ինչն էլ ժամանակ է խլում՝ ճշտումներ կատարելու, ապա նոր հատուցման վճարման գործընթացը սկսելու համար: Հատուցումների, նվիրաբերությունների, շահառու համարվելու մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով 1000plus.am կայք, որտեղ ամեն րոպե կատարվում են թարմացումներ և ճշգրտումներ:
«Հիմնադրամի կարևոր սկզբունքը թափանցիկությունն է, ինչը տեսանելի է նաև կայքում: Այցելելով 1000plus.am կայք հենց գլխավոր էջում դուք կարողանում եք տեսնել տվյալ պահի դրությամբ հավաքագրված միջոցները և կատարած հատուցումները՝ բոլոր չորս արժույթներով:
Հիմնադրամի կայքը բավականին բազմաշերտ է և հագեցած տեղեկատվություն է պարունակում, պարբերաբար հրապարակվում են հիմնադրամի վերաբերյալ նորությունները, անելիքները, այն մարտահրավերները, որոնց միջոցով դրամահավաքության նախաձեռնություններ են կազմակերպվում», - ասաց Նարինե Գալստյանը:
Դրամահավաքության և ֆոնդահայթայթման միջոցառնումները բազմաժանր են, սակայն յուրաքանչյուրն ունի մի նպատակ՝ օգնել հայրենքի պաշտպաններին:
«Մենք ամեն ամիս կազմակերպում ենք առնվազն մեկ միջոցառում, որն ուղղված է լրացուցիչ միջոցների գեներացման: Ուզում եմ նշել, որ Հայաստանում և Արցախում աշխատող մեր բոլոր հայրենակիցները 2017 թվականից ի վեր ամեն ամսվա աշխատավարձից հատուցումներ են կատարում հիմնադրամին և կանգնում են մեր հերոսների և նրանց ընտանիքների կողքին: Կոչ եմ անում սփյուռքի մեր հայրենակիցներին ևս միանալ այդ կարևոր նախաձեռնոությանը»,- նշեց Սոնա Բաղդասարյանը:
Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների և դրոշմանիշային վճարների յուրաքանչյուր լուման բացառապես ուղղվում է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զիվորին կամ նրա ընտանիքին։ Նվիրատվություն կատարելով հիմնադրամին՝ դուք ապահովագրում եք հայոց բանակի զինվորի կյանքն ու առողջությունը։