×

Երաժիշտ Հովիկ Ադուրյանը արդեն 6 ամիս է՝ հաստատվել է հայրենիքում։

27.04.2021

Սկզբում Սիրիայի պատերազմը, հետո Լիբանանում տեղի ունեցած պայթունը: 2012 թվականին իրադարձությունները Հովիկ Ադուրյանին բերեցին հայրենիք։ Ընտանիքով տեղափոխվեց Հայաստան և հիմնեց սեփական ձայնագրման ստուդիան։

«Միշտ մտքիս կար Հայաստան տեղափոխվելը, կարծես թե անցած տարի եղավ այդ առիթը, որոշեցի օգոստոսի 4-ին փոխադրվել, ինձ համար բարեբախտաբար, սակայն իրականում դժբախտաբար՝ այդ օրը եղավ Լիբանանի մեծ պայթունը: Հայաստան տեղափոխվելիս իմ ցանկությունն էր անպայման ձայնագրման ստուդիա բացել», - ասաց Հովիկ Ադուրյանը

Հովիկ Ադուրյանը շատ սփյուռքահայ երգիչների է հյուրընկալում իր ստուդիայում, միասին համագործակցում են, ստեղծում նոր երգեր և հնչեցնում ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաև աշխարհում հայտնի շատ հեռուստաալիքներում։ Համագործակցության հրավերները շատ են և տարբերվող։

«NBC-ի, МТV-ի հետ եմ համագործակցել, New TV-ի հետ էլ։ Արաբական շատ խմբերի հետ Դուբայում եմ նվագել 4-5 տարի շարունակ: Կանադա, Ավստրալիա, Լոնդոն, Ֆրանսիա, Հոլանդիա, Արաբական բոլոր երկրներում եմ եղել՝ Քուվեյթ, Դուբայ, Քաթար, Բահրեին, մինչև անգամ Աֆրիկայում եմ նվագել», - պատմեց Հովիկը։

Հովիկի թե՛ գրած, թե՛ գործիքավորած երաժշտությունները տարբերվող են, դրանք գալիս են երկու տարբեր մշակույթների համադրումից, հարազատ են հնչում թե՛ հայկական, թե՛ արաբական երաժշտություն նախընտրող մարդկանց ականջին։ 

«Խառնուրդ կա, նույնիսկ արաբները սիրում են մեր տված հայակական երանգը, կարծես մի նոր երանգ բերեցինք այստեղ: Շատ սփյուռքահայ երգիչների հետ եմ աշխատում այստեղ, պատրաստ եմ նաև տեղացի երգիչների հետ համագործակցել, լավ երաժշտություն ստեղծենք»,- ասաց Հովիկը։ 

Հովիկի համար հայրենիքը ամենաապահով և սիրելի վայրն է։ Այստեղ անկախ աշխատանքային բարդություններից կյանքը լի է ջերմությամբ և սիրով։ Առաջիկայում էլ նոր աշխատանքներ և համագործակցություններ են սպասվում։