Վանաձորից՝ Բրազիլիա. Ինչպե՞ս սկսվեց Արթուր Հարոյանի դերասանական կարիերան Բրազիլիայում
15.04.2021
Թե ինչպես Վանաձորից հասավ Բրազիլիա, ինքն էլ չհասկացավ: Դերասան Արթուր Հարոյանը դեռ մանկության տարիներից բոլորին համոզում էր՝ գնալու է և ծանոթանա դերասան Արասի Բալաբանյանի և բրազիլական սերիալների մյուս դերասանների հետ։ Երազանքն իրականացրեց 2008-ին.
«Ու սկսվեց հայկական դրաման. մայրիկս ուշագնաց եղավ, տատիկս վատացավ, սկանդալներ և այլն, քանի որ ոչ ոք չէր սպասում, որ այդ պահը կգա», - պատմեց Արթուրը:
Արթուրը Հայաստանում դերասանական կրթություն չի ստացել: Սովորել է Վանաձորի պետական համալսարանի ռուսերեն լեզվի և գրականության բաժնում, դերասանական պրակտիկ գիտելիքներ ստացել է Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Առաջին ներկայացումն էլ եղավ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևը», որում մարմնավորեց Սիմոնի կերպարը: Փոքրիկ Սիմոն կամ Բրազիլիայի Արթուր, բակում նրան այդպես էին ճանաչում:
«Այնպիսի տպավորություն էր, որ ես բոլորին գիտեմ Բրազիլիայում, բայց իրականությունը մի փոքր տարբերվում էր այդ ֆանտազիաներից: Երբ եկա, շատ քիչ գումար կար մոտս, որպես տուրիստ էի եկել Բրազիլիա,» - ասաց Արթուր Հարոյանը:
Արթուր Հարոյանը Սան Պաուլոյում հայկական դպրոցներից մեկում հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչ է աշխատել: Հետո իրականացրեց հաջորդ երազանքը՝ ընդունվեց թատերական դպրոց: Ձևավորեց «Առկա» կոչվող թատերախումբը և հանդիսատեսին ներկայացրեց իր առաջին ներկայացումը՝ «1915»-ը:
Շատ ողջունվեց Բրազիլիայում, ոչ միայն հայկական համայնքի կողմից, այլ նաև շատ բրազիլացիներ էին գալիս ներկայացումը դիտելու, քանի որ այդ թեման անծանոթ է բրազիլացիներին:
«Իմ թատերական խմբի բրազիլացի դերասանուհիները հայերեն երգում էին Դլե յամանը: Դա արդեն երևի ասում է ամեն ինչ, ուղղակի սարսուռ էր անցնում ամեն անգամ այդ տեսարանի ժամանակ,» - պատմեց Արթուրը:
Արթուրը նաև նկարահանվել է բրազիլական տարբեր ֆիլմերում, գովազդներում: Դերասանի կյանքը, երազանքները, դժվարություններն ու հաջողություններն էլ վերջերս ամփոփվել են նրա ինքնակենսագրական գրքում.
Այս գրքի ամբողջ հասույթը տրամադրելու եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որպեսզի փոխանցեն այն ընտանիքներին, որոնք վատ դրության մեջ են այս վերջին պատերազմի պատճառով, - ասաց Արթուրը:
Մինչև համաճարակը դերասանը ֆիլմում նկարահանվելու առաջարկ էր ստացել: Սակայն նկարահանումներն այդպես էլ չիրականացվեցին՝ երկրում սահմանափակումների պատճառով.
«Իմ կերպարն այնպիսին էր, որ ճաղատ պիտի լինեի, գնացի, մազերս կտրեցի, մեկ շաբաթ հետո ամբողջ Բրազիլիայում լոքդաուն արեցին և ես ճաղատ-ճաղատ այսպես նստեցի տանը:
Սա Արթուրի նոր զբաղմունքն է. Բրազիլական հեռուստաալիքներից մեկում հայկական ուտեստներ է պատրաստում և պատմում հայկական խոհանոցի մասին.
«Բնականաբար թանով սպաս էի պատրաստում, տոլմա էի պատրաստում և ամեն ինչ: Երևի, դա կլինի երկրորդ կամ երրորդ սեզոնում,» - ասաց նա:
Հայաստանի մասին օտարներին պատմելը դերասանն իր մշտական աշխատանքն է համարում: Բրազիլացի ընկերներին պատմում է՝ որտեղ է Հայաստանը, ինչ պատմություն ունի: Ամեն տարի Հայաստան է գալիս: Գնում է թատրոն, հանդիպում՝ ընկերներին: Թատերական խմբով էլ պիտի շրջագայեն և հանդես գան նոր ներկայացմամբ: Արթուրն աշխատում է բրազիլացի և արգենտինացի ռեժիսորների հետ, նոր նպատակ ունի՝ ինքնակենսագրական գրքի հիման վրա պետք է ֆիլմ նկարահանի: