×

Կանադահայ բիզնես խորհրդատուն գալիս է հայրենիքին օգնելու

31.03.2021

Պատրիկ Էլիոթը Կանադայից Հայաստան է վերադառնում բիզնեսներին օգնելու և երկիրը զարգացնելու հստակ վճռականությամբ։ Նա 11 տարեկան էր, երբ առաջին անգամ այցելեց հայրենիք։ Հայաստանը Կանադան չէր, և պատանի Պատրիկի հիշողություններում հատկապես մնացել է երկրի ոչ այնքան բարվոք վիճակը։ 

«Հետո սկսեցի ավելի հաճախ հետ գալ Հայաստան և ամեն անգամ ավելի սիրահարվեցի։ Եղբայրս էլ  է այդտեղ ապրում»,- պատմում է Պատրիկը։

Պատրիկը մասնագիտությամբ բիզնես խորհրդատու է։ Շաբաթներ առաջ կրկին Հայաստանում էր՝ ծանոթանալու մի շարք բիզնեսների գործունեությանը։ Ասում է՝ հրաշալի բիզնեսներ կան, որոնց օգնելու է գտնել հաճախորդներ արտերկրից և ավելի շատ գումար վաստակել։

«Պետք է մեր երկիրը փոխենք, որ կարևոր վայր դառնա։ Դա է մեր գործը, և միակ հարցը, որ հիմա մեզ պետք է տանք, այն է, թե ինչպես կարող ենք Հայաստանը փոխել, թե ամեն հայ ինչ կարող է անել այդ ուղղությամբ»,-ասում է նա։ 

Ուրախանում է՝ տեսնելով, որ տարբեր երկրներից հայերը վերադառնում են Հայաստան, մտքեր են փոխանակում ու աշխատում հայրենիքի ապագան ավելի լավը դարձնելու համար։ Չնայած դրան, կարծում է՝ Հայաստանի հնարավորությունները սփյուռքում ճիշտ ներկայացնելու խնդիր կա։ Շատերին հենց դա է խանգարում գալ և հաստատվել հայրենիքում։

«Սփյուռքահայերը պետք է գան, որ օգնեն։ Մոնրեալում ընկեր ունեմ, խելացի տղա է, ինձ նման շիկահեր հայ է։ Ռեստորան ուներ, փակվեց համաճարակի պատճառով, ահագին փող կորցրեց։ Մի օր ինձ ասաց՝ ձանձրանում է Մոնրեալում։ Ես էլ խորհուրդ տվեցի, որ Հայաստան գնա ու այնտեղ փորձի։ Ինձ ասաց՝ ի՞նչ կա այնտեղ անելու։ Այսինքն՝ սա խնդիր է, Հայաստանի գովազդի խնդիր ունի։ Շատ հայեր դեռ մտածում են, որ աղքատ երկիր է, բայց աղքատ չէ այլևս», - ասում է Պատրիկը։

Պատրիկն ու կինը այժմ Լեհաստանում են։ Որոշել են պսակադրվել Հաղպատում։  Մայիսին վերադառնալու են Հայաստան՝ այս անգամ առանց հետադարձ տոմսի։