×

Կիպրահայ երաժիշտ Հովիկ Դեմիրճյանը ամռանը կայցելի Հայաստան

30.03.2021

Գրեվիթին էլ Հովիկ Դեմիրճյանի համար դարձավ ձգողականության ուժ, որով գերեց հայ և հույն երաժշտասերներին։ Եվրատեսիլյան ելույթը նրան մեծ ճանաչում բերեց նաև հայրենիքում ու հիմա Հովիկին կարելի է լսել նաև հայերեն։   

Հայաստանի հետ կապը պահում է այս ճանապարհով։ Չնայած նրան, որ ծնվել ու մեծացել է Կիպրոսում, Հայաստան էլ 2 անգամ է այցելել, իրեն համարում է հայ ու ամեն տեղ դրա մասին է խոսում։ 

«Տարիներ առաջ, երբ մասնակցում էի հունական X-Ֆակտոր նախագծին, ասում էին` անունդ խնդիր կարող է առաջացնել, միգուցե հանդիսատեսի համար դժվար լինի հիշել այն։ Ես ասացի՝ ոչ մի դեպքում անունս չենք փոխելու։ Ինչպես Մադոննայի անունն են սովորել, Հովիկ անունն էլ կսովորեն»,- հիշում է կիպրահայ երգիչը։ 

Հովիկն ու երաժշտությունը հանդիպեցին Ամանորին։ Մի գիշերում իրար սիրո խոստովանություն արեցին ու այդ օրվանից էլ որոշեցին՝ ամբողջ կյանքում իրար հետ են լինելու։ 

«Մայրիկս միշտ պատմում է, որ 4 տարեկան էի, Ամանորին գնացել էինք միջոցառման, որտեղ երգչախումբ էր նվագում։ Գրկից իջա ու մոտեցա մաեստրոյին, սկսեցի իր հետ միասին նվագախմբին, ուղղություն տալ։ Մայրիկս ասում է՝ հենց այդ պահին հասկացա, որ երգիչ ես դառնալու»,-պատմում է նա։ 

Հովիկը սովորեց Կիպրոսի կոնսերվատորիայում, սկսեց երգեր գրել ու ստեղծագործել։ Հիմա Կիպրոսի հայտնի ձայներից մեկն է։ Ասում է՝ բեմ դուր գալուց առաջ չի լարվում։   Երգում է հունարեն և անգլերեն։ 

«Միշտ, երբ առիթը լինում է համերգների ժամանակ, երգում եմ նաև հայերեն։ Դա լինում է այն ժամանակ, երբ զգում եմ, որ հանդիսատեսի հոգին ու միտքը բաց է նոր լեզվով ստեղծագործություն լսելու համար»,-ասում է Հովիկը։  

Շաբաթներ առաջ էլ նոր երգ է թողարկել երգչուհի Արփիի հետ, իսկ ամռանը երգչին սպասում են Հայաստանում։ Հունիսին Հովիկին կլսին երևանյան բեմում։