×

Բարեգործության նպատակով արտերկրից Հայաստան բեռների ներմուծման ուղեցույց

26.03.2021

Բարեգործության նպատակով արտերկրից Հայաստան բեռների ներմուծման ուղեցույց

Հարկային արտոնությունների ստացման նպատակով արտերկրից Հայաստանի Հանրապետություն բեռների ներմուծումը բարեգործական որակելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Հայտը հնարավոր է ուղարկել թղթային տարբերակով կամ e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Հայտը պետք է ներկայացվի նախապես՝ ծրագրի իրականացումից առնվազն 30 օր առաջ:

Ծրագիրը բարեգործական չի կարող որակվել, եթե՝

-ենթադրում է շահ կամ շահույթ,

-ներառում է դրամական կամ այլ միջոցների հատկացում կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին,

-ուղղված է սեփական աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարմանը,

-ներառում է ապրանքների առք ու վաճառքի գործարք:

Հարկային արտոնությունների ստացման նպատակով բարեգործական կարող է որակվել միայն ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկվող բեռների ներմուծումը:

Հայտը ներկայացվում է ստացող կազմակերպության կողմից՝ ազատ շարադրանքով

Ուղարկվող հայտում պետք է նկարագրել բեռի ստացման նպատակը և նախատեսվող միջոցառումները, նախատեսվող մուտքերի և ծախսերի նախահաշիվը, իրականացման փուլերն ու ժամկետները, ինչպես նաև հստակորեն նշել կատարողների ու ստացողների տվյալները:

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ 

1. բեռի հաշիվ-ապրանքագիրը (invoice),

2. բեռնափոխադրման առկա փաստաթղթերը,

3. նվիրատվության դեպքում՝ նվիրատվության նամակը (donation letter),

4. բեռի մեջ ներառված ապրանքների մանրամասն ցանկը,

5. շահառուների ցուցակը՝ ըստ բաշխվող ապրանքների քանակի և համապատասխան արժեքի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն։