×

Ի՞նչ պետք է անեն հալեպահայերը Հայաստան հասնելուն պես

05.12.2024

ՀՀ քաղաքացի չհանդիսացող Հալեպի մեր հայրենակիցները Հայաստանի իրավազորության ներքո հայտնվելուց հետո անմիջապես պետք է դիմեն փախստականի կարգավիճակ ստանալու համար։

Այս մասին Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում հայտնեց Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մարդու իրավունքների փորձագետ Սերգեյ Ղազինյանը։ 

«ՀՀ քաղաքացի չհանդիսացող Սիրիայի, մասնավորապես, Հալեպի մեր հայրենակիցները Հայաստանի իրավազորության ներքո հայտնվելուց հետո պետք է դիմեն փախստականի կարգավիճակ ստանալու համար՝ միջազգային պաշտպանություն ստանալու նպատակով։ Այդ պարագայում ՀՀ-ն արդեն կունենա պարտավորության լայն ծավալ։ Օտարերկրացիների պարագայում միջազգային պաշտպանությունն, ըստ մեր օրենսդրության, կարող է լինել անհատական, այսինքն՝ ապաստանի հայցի ներկայացմամբ։ Իսկ զանգվածային ներհոսքի դեպքում կառավարությունը հնարավորություն ունի ընդունել ժամանակավոր պաշտպանության վերաբերյալ որոշում և ժամանածներին շնորհել փախստականի կարգավիճակ։ Մեր օրենսդրությունը տալիս է նաև քաղաքացիության խմբային հայց ներկայացնելու հնարավորություն, որը գործնականում մինչ օրս չի կիրառվել»,- մանրամասնեց Սերգեյ Ղազինյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ ժամանող հալեպահայերի առաջին անելիքներից մեկը պետք է լինի Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակ դիմելը։                

Սիրիայի մեծությամբ երկրորդ և ամենահայաշատ քաղաքը իսլամիստ ապստամբների վերահսկողության ներքո է անցել նոյեմբերի 30-ին։ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ՀՀ ԱԳ նախարարությունը ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հնարավորության դեպքում կդիտարկվեն բոլոր տարբերակները։

Դեկտեմբերի 14-ին նախատեսված է Դամասկոս-Երևան չվերթ, որով վտանգից մազապուրծ եղած սիրիահայերի առաջին խումբը կհասնի Հայաստան։