×

«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին

25.11.2024

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023 թ․-ին։

Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է նոյեմբերի 24-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզում World Travel Awards 2024 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ․ և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ:

«ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր): Գրանցվել է հայկական օդային ուղու ևս մեկ ձեռքբերում՝ ամենակարճ շինարարության ժամկետը (10 ամիս)՝  նման մասշտաբային ինժեներական կառույցի համար։

Այս տարի ճոպանուղին նշել է իր 14-ամյակը, և բացումից ի վեր այն անգնահատելի ներդրում է ունեցել երկրում զբոսաշրջության զարգացման գործում։ «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1,3 միլիոն մարդ: Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։ 

«ՏաԹևեր»-ը դրական ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի հարավային շրջանի մշակութային և սոցիալական զարգացման վրա։ «ՏաԹևեր» ճոպանուղին «Տաթևի դարպասներ» համալիրի մի մասն է։ Այն շահույթ չհետապնդող ծրագիր է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղական համայնքի զարգացմանը: Ճոպանուղու շնորհիվ շատերն առաջին անգամ բացահայտել են Սյունիքն ու նրա պատմական ժառանգությունը, և Տաթևի վանական համալիրը դարձել է ավելի մատչելի այցելության համար։ Ծրագիրը տեղացիների համար ստեղծել է նոր աշխատատեղեր՝ հանգեցնելով տնտեսական զարգացման: Այցելուների լրացուցիչ հոսքը խթանել է ենթակառուցվածքների բարելավմանը և նոր փոքր զբոսաշրջային ձեռնարկատիրությունների բացմանը: