«Լավ երաժիշտ լինելու համար պետք է հոգով անել այն, ինչ անում ես». Մարինե Մանասյան
17.02.2021
Երաժիշտ, երգահան Մարինե Մանասյանը 9 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան։ Հետագա տարիներին մե՛կ Երևանում էր, մե՛կ Մոսկվայում։ Արտերկրում մշտական բնակություն հաստատելու վերջնական որոշումը կայացվեց, երբ Մարինեն արդեն 15 տարեկան էր։ Այժմ ամենաջերմ հիշողություններով է հետ նայում, մտքում երևանյան գարուններն են ու սիրելի Աբովյան փողոցը։
«Այն ժամանակ՝ 15 տարեկանում, երբ ինձ բերեցին Մոսվկա, ծանր ժամանակաշրջան էր, որովհետև չէի ուզում գնալ։ Հայաստանի հետ իմ հարաբերությունները միշտ համեմատում եմ կոտրված սրտով մարդկանց հետ, երբ կարծես ինչ-որ մեկին սիրում ես ու նրա հետ լինել չես կարող։ Միշտ այդպես եմ զգացել»։
Երաժշտությունը դեռ մանկուց է հետաքրքրել Մարինեին, դպրոցական տարիներին արդեն սկսել է երգեր գրել, ավելի ուշ կիթառ ու դաշնամուր նվագել։
«14 տարեկան էի, երբ որոշեցի երգեր գրել, չնայած որևէ առիթ կամ խթան չկար, բայց երաժշտություն սիրել եմ դեռ մանկուց, երբ եղբայրս գնում էր դաշնամուր էր նվագում, լսում էի, ընդօրինակում, ուզում էի ես էլ նվագել, բայց անընդհատ այդ Երևան-Մոսկվա տեղափոխությունների մեջ չէր ստացվում մի տեղ հիմնովին մնալ և գնալ երաժշտական դպրոց»։
Հենց երաժշտությունը Մարինեին ծանոթացրեց մի խումբ այլ երաժշտասերների հետ և միասին որոշեցին հիմնել Villette խումբը, որը հետագայում ստացավ Deep Image անվանումը։ Այժմ Մարինե Մանասյանը միայնակ է հանդես գալիս, ելույթներ է ունենում Մոսկվայի ակումբներում։ Մոտակա համերգը կայանալու է մարտի 25-ին։
«Կարծում եմ, որ լավ երաժիշտ լինելու համար պետք է հոգով անել այն, ինչ անում ես, ու այդ անելիքի մեջ պետք է միտք լինի, թե ինչի համար ես սա անում։ երաժշտությունը ինչ-որ ազատության հատկանիշներ ունի։ Երաժշտությամբ զբաղվելով կամ այն լսելով կարծես հոգիդ ճախրում է ու ազատվում է։ Երբ որ սկսում ես երաժշտություն գրել, դու արդեն պետք է հասկանաս՝ ինչ ես բերում դրանով, ում համար է, մարդկանց ինչ է տալիս»։
Մարինեն ասում է՝ ցանկացած արվեստ աստվածային ուժ ունի, լուսավորում է շրջապատը, մարդկանց։ Եթե դա զգում են, ուրեմն գործդ լավ ես արել։ Երաժիշտը ստեղծագործում է երեք լեզուներով՝ ռուսերեն, անգերեն ու ու մեծամասամբ՝ հայերեն։ Շուրջ 45 երգ ունի՝ թողարկված մի քանի ալբոմներով, որտեղ հնչում են նաև Չարենցի, Սևակի ու Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։
«Ես կարող եմ ասել, որ հայերենը աստվածային լեզվի նման լեզու է, որովհետև ուղղակի այն լսելով՝ ինձ թվում է, որ աստվածներն են խոսում։ Իսկ առհասարակ, երաժշտությունն է որոշում, թե ինչ լեզվով պետք է երգը գրված լինի։ Կա երաժշտություն, որի հետ զգում ես՝ անգլերենը պետք է օգտագործվի, այս մյուսի հետ՝ օրինակ, հայերեն»։
Մարինեն Հայաստանում հաճախ է լինում, այցելում է սիրելի վայրերը, համերգներ է տալիս։ Մեծ ծրագրեր ունի։ Պատրաստվում է նոր ալբոմ թողարկել Չարենցի բանաստեղծություններով: