«Սուրճի մայրաքաղաք» կամ «Հրաշքների քաղաք». Կոլումբիական Արմենիայում մշտապես տիրում է հյուրասիրության մթնոլորտ
17.02.2021
Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ քաղաքներից և Կոլումբիայի խոշորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը կրում է Արմենիա անունը։ Տարբեր վարկածներ կան քաղաքի անվան ծագման վերաբերյալ։ Այն իր անունը ստացել է 1880 թվականին մի կալվածքի անունից, որի տերերը եղել են հայեր, սակայն միայն 9 տարի անց է նրան շնորհվել քաղաքի կարգավիճակ։ Նոր բնակավայրն անվանակոչել են Վիլա Օլգին՝ ի պատիվ այդ թվականներին գործող նախագահ Կարլոս Օլգին Մալյարինոյի: Տարիներ անց՝ Համիդյան ջարդերից, ապա 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, քաղաքը վերանվանել են Արմենիա` ի հիշատակ նահատակված հայերի։
1972 թվականին Կալիֆոռնիայի հայ գործարարները քաղաքում հիմնել են բարեգործական կազմակերպություն։ Նրանց պատվին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել են «Մովսիսիան և Սամուելիան»։
Կոլումբիայում 1999 թվականին տեղի ունեցած խոշոր երկրաշարժի էպիկենտրոնը Արմենիա քաղաքն էր։ Աղետից հետո քաղաքն օգնություն էր ստանում տարբեր երկրներից, սակայն հայերի օժանդակությունը առանձնապես մեծ էր։ Այդ տարիներին Կոլումբիայի նախագահ Էռնեստո Սամփերն իր երախտագիտությունն է հայտնել այս առիթով։ «Մենք շնորհակալ ենք հայերին, որոնք մեզ օգնեցին այդ դժվար ժամանակներում», - ասել է նա։ Հայերի օգնությունը պարզապես ֆինանսական չէր։ Մեծ խմբերով արգենտինահայեր ներգրավված էին նաև քաղաքի վերականգնման աշխատանքներում։
Ըստ ավանդույթի, կոլումբիական քաղաքներն ունեն 2 անուն։ Արմենիայի երկրորդ անունը «Հրաշքների քաղաք» է։ Այստեղ մշտապես տիրում է հայերին բնորոշ հյուրասիրության ու ընկերասիրության մթնոլորտը։ Կոլումբիայի այլ քաղաքների շատ բնակիչներ նախընտրում են հենց Արմենիայում անցկացնել հանգստյան օրերը։
Սուրճի համաշխարհային հռչակը բեկումնային եղավ Կոլումբիայի տնտեսական ոլորտի համար։ Արմենիայում բացվեց աշխարհի միակ սուրճի թանգարանը։ Պատահական չէ, որ այն անվանում են նաև Կոլումբիայի «սուրճի մայրաքաղաք», քանի որ հենց Սուրճի արդյունաբերության առաջխաղացմամբ է պայմանավորված քաղաքի արագ զարգացումը։ Զբոսաշրջիկները ոչ միայն կարող են հետևել անուշաբույր սուրճի պատրաստման գործընթացին, այլև մասնակցել դրան։ Ամեն տարի հունիսի 27-ին երկրում տոն է։ Կոլումբացիները նշում են Սուրճի ազգային օրը՝ երթերով ու փառատոնով, որին մասնակցելու համար հազարավոր զբոսաշրջիկներ տարբեր երկրներից գալիս են Կոլումբիա։