×

Սիրիահայ վարպետները երիտասարդներին սովորեցրել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի ասեղնագործությունը

13.11.2023


«Կենտրոնում խաչերն են, եզրագծված է անպայման, որովհետև ցանկացած գորգատիպ բանվածք ունենում էր եզրագիծ, հավատում էին, որ ներսում աշխարհն է, և աշխարհից դուրս քաոս է,» - նկարագրում է Հովիկ Ավետիսյանը։


Քաոսից աշխարհը պաշտպանելու համար էլ գորգի եզրերին գործել է օձանախշեր և կենաց ծառեր։ Հովիկ Ավետիսյանն այսպես ասեղնագործել սովորել է սիրիահայ վարպետներից՝ "Ասեղնագործության ամառային դպրոց" ծրագրի ընթացքում։ Մասնագիտությամբ ազգագրագետը կարծում է՝ ազգագրություն ուսումնասիրողները պետք է ձեռքի շնորհ էլ ունենան. 
«Ոչ միայն թղթի վրա գրվածը ներկայացնի, այլ կարծում եմ պիտի իր ձեռքի շնորհը ունենա նաև դրա մեջ,» - ասաց Հովիկ Ավետիսյանը։

Ծրագիրն իրականացրել է Roots & Next հիմնադրամը՝ YMCA Եվրոպական Ալյանսի Generation Next ծրագրի հովանավորությամբ։ Ծրագրին դիմած 250 դիմորդից ընտրվել է 30-ը։ Մասնակիցները սովորել են Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում տարածված ասեղնագործության տեսակները։ 

«Ծրագիրը իրենց տվեց նախևառաջ ամառն իմաստալից անցկացնելու, շատ լավ արհեստ սովորելու, մեկը մյուսի հետ շփվելու, ազգային ժառանգությանն առնչվելու հնարավորություն։ Իրենցից յուրաքանչյուրն այս ասեղնագործությունը կոնկրետ մի տեղ կիրառելու երազանք ունի,» - ասաց Վարդան Համբարձումյանը։

Ծրագրի վարպետներից Սիլվա Գազազյանը Այնթապի ասեղնագործությունն է սովորեցրել երիտասարդներին։ Խոսքով դժվարանում է պատմել սովորեցնելու ընթացքի մասին, ասում է՝ ասեղնագործությունն իր գաղտնիքներն ունի, գործով պետք է բացահայտել դրանք.

«Աշխատանքով է, որ կարող է մեկը տեսնել և սովորել։ Կարևոր է շատ, որ մեր գիտելիքները փոխանցենք եկող նոր սերունդներին,» - ասաց նա։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված եզրափակիչ միջոցառման ընթացքում ասեղնագործության թեմայով բանախոսեց Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Բազեյանը: Ծրագիրը հաջողությամբ ավարտածներին հանձնվեցին հավաստագրեր և ցուցադրվեցին դասընթացների ընթացքում պատրաստված նրանց աշխատանքները։