×

Հանրահայտ հայ ջութակահար Արա Մալիկյանն իր առաջին համերգը ունեցավ Հայաստանում

16.10.2023


Ի վերջո իսպանաբնակ հայ ջութակահարի ցանկությունն իրականություն դարձավ։ Արա Մալիկյանը Հայաստանում է՝ համերգային ծրագրով։ Երաժիշտը հաճախ է լինում հայրենիքում, բայց առաջին անգամ է այստեղ համերգ ունենալու։ Երկու օր հայ հանդիսատեսը կվայելի հանրահայտ ջութակահարի կատարումները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

«Շատ ուրախ եմ, շատ հուզիչ պիտի ըլլա։ Եվ անշուշտ ես և խումբս, ամբողջ մարմնովս և սրտովս պիտի ամեն բան ընենք, որ շատ լավ ժամանակ անցնի,» - նշեց երաժիշտը։

Արա Մալիկյանի ընտանիքում ջութակը ճակատագրական դեր է ունեցել. հայրը Ցեղասպանությունից փրկվել է հենց ջութակի շնորհիվ և երաժշտական խմբի հետ տեղափոխվել Բեյրութ, ինչից հետո սիրահարվել է այդ երաժշտական գործիքին։  

«Եվ իր սերը ջութակի ինձի փոխանցեց։ Եվ այդ ձևով ես ալ սկսա ջութակ նվագել,» - ասաց ջութակահարը։ 

Բնակվելով տարբեր երկրներում՝ Արա Մալիկյանը երբեք չի հեռացել հայկական երաժշտությունից։ Նվագել է Արամ Խաչատրյանի, Մանսուրյանի և մյուս հայ հայտնի կոմպոզիտորների գործերը։ 

«Ուզեմ չուզեմ ինչ երաժշտություն, որ հորինեմ, հայկական է։ Նույնիսկ, եթե սկսիմ երաժշտություն հորինել, որն ավելի լատինո է, ի վերջո հայկականի կվերածվի,» - ասաց Մալիկյանը։  

Արա Մալիկյանի համերգին հնչելու են երաժշտի հեղինակային և հայ կողմպոզիտորների գործերը։ Համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5 ընտանիքի։