Իսպանաբնակ հոգեբան Մարինե Մամիկոնյանն անվճար առցանց դասընթացներ է անցկացնում սփյուռքահայերի համար
16.01.2024
Իսպանաբնակ հոգեբան Մարինե Մամիկոնյանն արդեն 3 տարի է, ինչ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար անցկացնում է անվճար օնլայն դասընթացներ։ Այս գործում Մարինեն մեծ կարևորություն է տալիս հայապահպանությանը։
Երկու ծրագիր ենք ի սկզբանե սկսել` հայկական օնլայն դպրոց։ Այսինքն` սփյուռքում բնակվող ու նաև Հայաստանում բնակվող յուրաքանչյուր երեխա կարող է միանալ մեր ծրագրին օնլայն հարթակում և մենք այնտեղ միասին սովորում ենք հայերեն, հայկական խոսքը, մեր հայկական մշակույթը։
Այս դասընթացներին հաջորդում է ծնողների հետ աշխատանքը։ Գիտակցելով, որ օտար միջավայրում հայ պատանիները կարող են բախվել որոշ հոգեբանական խնդիրների, Մարինեն և Ապագա հոգեբանական ծառայության աշխատակիցները գործարկել են «Դրական ծնողավարման ակումբը»։
Այն շատ կարևոր է հատկապես սփյուռքում բնակվող մեր հայ ծնողների համար. ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, ինչպե՞ս վերաբերվել երեխային, ինչպե՞ս դրսում կարողանալ հայկականի ու դրսի այդ մշակութային տարբերությունը երեխային հասցնել, որ չլինի կոնֆլիկտային հարաբերություններ ծնողի ու երեխայի մեջ։
Իրականացվող ծրագրերում ներգրավված են նաև կենտրոնի այլ աշխատակիցներ, որոնց աշխատանքի բուն նպատակը սփյուռքում հոգեբանական գիտելիքների տարածումն է։
Տարբեր հոգեբաններ «Ապագա հոգեբանական ծառայության» կենտրոնից մասնակցում են այդ ծրագրին, սեմինարներին, թրեյնինգներին, ամեն մեկը իր նախընտրած և մասնագիտացված թեման է կարդում, մասնավորապես, կարող են լինել կոնֆլիկտները ընտանիքում, ընտանիքի ճգնաժամային պահերը, անձի զարգացման հնարավորությունները, անձի մոտիվացիան։
Ծրագրի թեմաները կենտրոնի կողմից մշակվում են՝ ըստ խմբի պահանջների։ Յուրաքանչյուր ծրագրի համար հատկացված է շաբաթական մեկ օնլայն հանդիպում, որին կարող են միանալ հայեր՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Անգամ դեպք ունեցանք, որ երեխաներ, ովքեր որ դասի ընթացքում` մեր օնլայն դպրոցի ընթացքում ծանոթացան, նաև Հայաստանում նրանք հանդիպեցին միմյանց:
Մարինե Մամիկոնյանն առաջիկայում ցանկություն ունի ընդլայնելու իր աշխատանքը. սփյուռքում բնակվող դեռահասների համար ևս առցանց հոգեբանական դասընթացներ կանցկացնի։