×

Աշխատանք, ժամանց և բարձրորակ սուրճ. ԱՄՆ-ից հայրենադարձված Կարեն Գյուլբուդաղյանը Երևանում հիմնել է Ground Zero-ն

10.01.2024

Մարդիկ, հատկապես՝ բիզնես կամ թեք ոլորտի, ասում են Կարեն, արդեն չենք քննարկում՝ որտեղ հանդիպենք, մենք քննարկում ենք միայն ժամը։ 

Երբ հանդիպման ժամն արդեն հայտնի է, վայրը նույնն է՝ Գրաունդ զերո: ԱՄՆ-ից հայրենադարձված Կարեն Գյուլբուդաղյանը Երևանում հիմնել է հարմարավետ և տարբերվող սրճարան, որտեղ մարդիկ ոչ միայն իրենց ժամանցն են կազմակերպում, այլ նաև աշխատանքը: 

Սա միջավայր է, որը մենք առաջին հերթին ստեղծում ենք, ես կոչում եմ դա community, այսինքն՝ մարդիկ էստեղ գալիս են տարբեր երկրներից և ոլորտներից։ Մենք ստեղծել ենք այն պայմանները, որ մարդը կարող է գալ և՛ աշխատել, անցկացնել մի քանի ժամ, և՛ ուղղակի ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ նոր կապեր ստեղծել: Այն բավականին ունիվերսալ միջավայր է։ 

Չսահմանափակվելով միայն սրճարանի կոնցեպտով՝ Գրաունդ զերոյում տարբեր արտադրողներ հնարավորություն են ստանում ցուցադրել իրենց ապրանքները և վաճառք իրականացնել: 

Գրաունդ զերոն ստեղծում է մշակույթ։ Օրինակ, մենք գործակցում ենք չիր արտադրողների հետ և խրախուսում ենք նրանց, ստանում ենք այնպիսի մի արտադրություն, որը նատուրալ է, բարձր որակի, առանց քիմիկատների և առանց ավելացրած շաքարի և ամենակարևորը՝ ամերիկյան ստանդարտի, որը թույլ է տալիս մեզ սա արտահանել։ 

Բարձրորակ սուրճի պատրաստումը և մատուցումը ևս իր կարևոր դերն ունի: Կարեն Գյուլբուդաղյանը նշում է՝ հենց այս յուրահատուկ մոտեցմամբ Գրաունդ զերոն շուկայում բացառիկ է: 

Սա ևս մեկ օրինակ է, որ մենք համագործակցում ենք Թումո ստուդիոսի հետ՝ առաջին օրվանից։ Այս համագործակցությունը թույլ է տալիս՝ իրենց կողմից մշակել և բարձր որակի ու շատ յուրահատուկ արտադրանք ստանալ, մեզ էլ թույլ է տալիս, որ սա ներկայացնենք  աշխարհին։ 

Գրաունդ Զերոն այս ձևաչափով միակ սրճարանը չի լինի Հայաստանում. Կարեն Գյուլբուդաղյանը նպատակ ունի ապագայում զարգացնել նմանատիպ վայրերի մշակույթը: