Ներուժ 4.0 ծրագրի հաղթողներ են դարձել «Parsl.ai» և «Maestrolls» ստարտափները
07.11.2023
«Մենք այս պահի դրությամբ ունենք մի քանի տեխնոլոգիաներ։ Առաջինը՝ նկարներից աղմուկի հեռացման, երկրորդը՝ մութ պայմաններում լուսավորության և գույների վերականգնման, երրորդը՝ նկարներից մառախուղի հեռացման համար է»։
Տեխնոլոգիաներ մշակողը 22-ամյա Ստեփան Բաբայանն է՝ «Ներուժ 4.0» ծրագրի հաղթող թիմերից «Parsl.ai» ստարտափի համահիմնադիրը։ Ստարտափի հիմնական գործառույթն է՝ բարելավել արբանյակային և օդային նկարների որակը։ Նրանց ստարտափն այժմ արտադրման փուլում է։ 3 հոգանոց թիմը մշակել է տեխնոլոգիապես զարգացած ծրագիր։ Օդային նկարների շուկայում այն առաջինն է՝ իր բարդ լուծումներով։
«Մեր ծրագրերը մի քանի ուղղությամբ են աշխատում։ Նախ՝ անվտանգության համար, օրինակ՝ այս նկարում արբանյակից արված ինքնաթիռի նկարը ավելի պարզ է երևում մառախուղի հեռացումից հետո կամ գյուղատնտեսության մեջ շատ կօգտագործվի գույների և լուսավորության վերականգնումը, բացի դրանից ճանապարհային խցանման մշտադիտարկման և մութ ժամանակ անվտանգության ապահովման համար ծրագրերին օգուտ է տալիս»։
Ստարտափի մյուս համահիմնադիրը լիբանանահայ Գարոն է, որն այս պահին աշխատում է հեռավար, ժամանակ առ ժամանակ էլ Հայաստանում միանում է թիմին։
«Գարոն հիմնականում հետազոտական մասով է զբաղվում մեր ստարտափի գործունեության, իսկ տեխնոլոգիայի, իմպրեմենտացիայի կտորը անում ենք էստեղի թիմով։ Իրականում շատ ենք հարմարվել, օնլայն զանգերով, սինքրոն անելով մեր գործընթացները, կարողանում ենք բաժանել գործը»։
Ծրագրի մեկայլ ստարտափի հաղթողներից է Արմենակ Գալոյանը։ Նրա համահեղինակած ստարտափն էլ բջջային հավելվածի տեսքով է։ Համակարգչի ստեղները փոխարինել են դաշնամուրային ստեղներով՝ ստեղծելով համացանցային ծրագիր, որով հնարավոր կլինի սովորել երաժշտություն՝ նոր մոտեցումներով։
«Մենք հասկացել ենք, որ խնդիր կա ոլորտում, որ երեխաները սկզբնական շրջանում դժվարանում են սովորել, մոտիվացիայի խնդիր են ունենում, փորձեցինք էնպիսի հարթակ, ծրագիր պատրաստել, որ այդ խնդիրը լուծենք»։
Ե՛վ Արմենակը, և՛ ստարտափի մյուս համահիմնադիրը՝ Անուշը խնդրին բախվել են երաժշտական դպրոց հաճախելիս։ Ահա, թե ինչու որոշեցին ստեղծել «Maestrolls» կոչվող ծրագիրը։
Քանի որ Անուշը երաժշտական կրթությունը ստացել է Չեխիայում, մենք տարբեր տեղերի փորձը հաշվի առանք, այն օգնեց մեզ, որ լոկալ մի տեղի համար չսարքենք, այլ, տարբեր տեղերի մոտեցումները հաշվի առնելով, սարքենք էնպիսի սովորեցնելու մոտեցում , որ մարդկանց օգուտ տա և սովորեն։
«Maestrolls» ստարտափի նպատակը երաժշտություն սովորողների շրջանում մոտիվացիա առաջացնելն է ու երաժշտական խաղերի միջոցով ապահովելը, որ սովորողը հասկանալով նվագի, այլ ոչ թե՝ մեխանիկորեն։
«Սա հավելյալխաղերից մեկն է, երեխան պետք է ճիշտ պահին սեղմի էկրանին, որ կպնի սնկիկներին ու նոտայի ձայնը գա։ Ունենք հերոսներ, որոնք ուղեկցելու են երեխաներին խաղի ամբողջ ընթացքում, հերոսին ընտրելու հնարավորություն կա, խաղի ինչ-որ փուլում հնարավոր է լինելու փոփոխել հերոսի արտաքինը՝ հագուստը, մազերը, աչքերի գունը և այլն»։
Անցնելով խաղի կղզյակների միջով և հաղթահարելով փորձությունները՝ խաղի մասնակիցները սովորելու են սոլֆեջոյի հիմնական բաժինները՝ երաժշտական նոտաներ, ռիթմ ու չափ։ Ստարտափի հիմնադիրների առաջնային նպատակը Հայաստանի և Միացյալ նահանգների շուկա դուրս գալն է։ Հետագայում ցանկանում են հավելվածը տարածել աշխարհով մեկ և հասանելի դարձնել բոլորին։