×

Ինչպե՞ս է գործում սփյուռքում միակ հայկական պետական թատրոնը

16.01.2024



Սփյուռքում գործող միակ պետական հայկական թատրոնը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնն է: Այն հիմնվել է վիրահայ համայնքի ջանքերով՝ 168 տարի առաջ: Թատրոնն արդեն 13 տարի է, ինչ իր սեփական շենքում չի գործում: Նախկին վթարային շենքի փոխարեն հիմա կառուցվում է նորը:

«Եվ այդ 13 տարվա ընթացքում թատրոնը ոչ մի վայրկյան չի կանգնել, այլ աշխատել և ստեղծագործել է: Մենք ամեն տարի 3-4 նոր ներկայացում ենք հանձնում հանդիսատեսին, տարին խաղում ենք մոտ 40 ներկայացում,» - ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը: 

Թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին: Այն կառուցվում է նույն տեղում, բայց արդեն ավելի ընդարձակ և ժամանակակից տեխնիկայով: 

«Այս տարիներին թատրոնը հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում և միշտ հաջող են անցել դրանք: Սերտորեն կապված ենք Հայաստանի թատերական միության և ԿԳՄՍ նախարարության և, ընդհնարապես, բոլոր թատրոնների հետ», - ասաց գեղարվեստական ղեկավարը: 

Հայկական թատրոնը գործում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ: Ներկայումս թատրոնի խաղացանկում 30-ից ավելի ներկայացում կա, որոնք մշտապես հայերեն են բեմադրվում. 

«Խաղալու ենք միշտ հայերեն, քանի որ սա հայկական թատրոն է, բայց սիմվոլիկ ունենք մեկ ներկայացում վրացերեն՝ Դումբաձեի մեղադրական եզրակացությունն է, որով հաճախ հյուրախաղերի ենք մեկնում Վրաստանի շրջաններ, քաղաքներ,» - ասաց Բայանդուրյանը: 

Արմեն Բայանդուրյանի խոսքով՝ մեծ աշխատանք կա անելու Սամցխե-Ջավախեթիում, Նինոծմինդայում և Ախալքալաքում ապրող հայ հանդիսատեսի հետ, քանի որ այս շրջաններում քչերն են թատրոն այցելում: 

«Սրա շուրջ ևս աշխատում ենք, ծրագրեր ենք անում մանկավարժների հետ, տեսնենք, թե ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրը: Բացի այդ, մենք որոշել ենք, որ Ախալքալաքում և Նինոծմինդայում մեր ներկայացումներն ավելի հաճախ լինեն,» - նշեց նա: 

Առաջիկայում թատրոնում ներկայացում կբեմադրի վրաց անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ինչը գեղարվեստական ղեկավարը մեծ հաղթանակ է համարում թատրոնի համար:  Հետագայում թատրոնն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով պատրաստվում են բոլոր հայերեն ներկայացումները թարգմանել վրացերեն և անգլերեն: Այս աշխատանքից անմասն չեն մնա նաև առաջատար թատրոնների և թատերական գործիչների հետ համագործակցությունները: