Նկարչությունը՝ հայոց պատմությունը ներկայացնելու միջոց. Իտալահայ Անժելա Ագայանը հայրենիքում է
07.01.2024
Իտալաբնակ նկարչուհի Անժելա Ագայանը Հայաստանում է արդեն 5-րդ անգամ: Հայուհին առաջին անգամ հայրենիքում եղել է 2017-ին:
«Հայաստան միշտ եմ գալիս, հայերեն շատ լավ չեմ խոսում, բայց փորձում եմ խոսել։ (14։44–14։47) Շատ եմ սիրում Հայաստանը, այստեղ չեմ ապրել, բայց շատ եմ սիրում»,- ասաց Անժելան։
Անժելան ծնվել է Թբիլիսիում: Ընտանիքում հայերեն չեն խոսել, բայց նկարչուհին միշտ է մտածել հայերի ու Հայաստանի մասին։ Իտալիայում նկարչական կրթությունը ստանալուց հետո որոշել է այցելել հայրենիք, իսկ ավելի ուշ՝ 2021-ին այստեղ ունեցել է անհատական ցուցահանդես:
«Երբ մեծացա արդեն ուզում էի Հայաստան գալ, ծանոթանալ Հայաստանին, տեսնել ինչպիսինն է ժողովուրդը ու, որ եկա շատ սիրեցի, ես էստեղ տանն եմ»,- ասաց Անժելան։
Նկարչուհի դառնալը մանկության երազանք չէր, բայց Դալլիի և Պիկասոյի զուցահանդեսներին ներկա գտնվելը փոխեց ամեն ինչ: Անժելան հիմնականում նկարում է կենդանիներ և դիմանկարներ անում:
«Դիմանկարներ նկարելով ուզում եմ ցույց տալ մարդկանց էմոցիաները և կարծում եմ, որ աչքերի միջոցով դու կարող ես ցույց տալ տարբեր էմոցիաներ։ Ես նաև երկար տարներ աշխատել եմ նորաձևության ոլորտում և, ինչպես գիտեք, շատ հայտնի և շքեղ բրենդներ իրենց հագուստներում օգտագործում են կենդանական կաշի։ Իմ արվետով փորձում եմ մարդկանց ցույց տալ, որ պետք չէ ընդամենը մարմինը ծածկելու համար սպանել կենդանիների»,- ասաց Անժելան։
Իտալահայ նկարչուհու համար վրձինը նաև միջոց է հայոց պատմությունը ներկայացնելու համար։
«Ես նկարել եմ հայ թագավորներին, Բագրատունիների ժամանակաշրջանը։ Ես նկարում եմ Հայաստանի քարտեզը և դրա հետևում տվյալ ժամանակաշրջանի թագավորին: Դա հետաքրքիր է, որովհետև շատերը չգիտեն մեր ազգի իրական պատմությունը»,- ասաց Անժելան։
Անժելան անհատական ցուցահանդեսներով ներկայացել է նաև Վրաստանում, Հունաստանում և Իտալիայում: Այս պահին ամենամեծ ցանկությունը հայրենիքում նոր ցուցադրություն ունենալն է: Նկարչուհին չի բացառում նաև հետագայում Հայաստանում ապրելը։