×

Սփյուռքի տարբեր կազմակերպություններ աջակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

07.11.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված առաջին անհրաժեշտության պարագաներն են։ «Շտապիր դեպի բարին» հասարակական կազմակերպության կամավորները դրանք հավաքագրում ու արցախցիներին են փոխանցում նրանց Հայաստան գալու առաջին օրվանից։

«Երբ արցախցիները տեղափոխվում էին Հայաստան, մենք օգնում էինք իրենց, ուտելիքներ էինք բաժանում, մեծ հերթի հետ կապված` 48 ժամվա, կերակրում էինք երեխաներին, կանանց և, ովքեր, որ դրա կարիքն ունեին, հավաքում էին հագուստներ տաք, հիգիենայի պարագաներ, նաև վերմակներ և անկողնային պարագաներ»,- ասաց Ելենան։

Հայաստանում և Ռուսաստանում արդեն 13 տարի գործող կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել նաև Լեռնային Ղարաբաղում։ 44-օրյա պատերազմից հետո իր ռեսուրսներն ուղղել է բռնի տեղահանվածների կարիքների բավարարմանը։ 

«Մոտ 75 ակտիվ կամավոր ունենք միշտ և 500-ից ավելի կամավոր, որոնք այսպիսի, ցավոք սրտի, իրավիճակներում կարողանում են արագ կազմակերպվել և լինել օգտակար հայրենիքին»,- ասաց Ելենան ։

Առաջին պահից Գորիս ժամանող արցախցիների կողքին են եղել նաև «Ամեն ինչ Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչները։ Տեղահանվածներին ապահովել են սննդով, դեղորայքով ու հագուստով։

«Մինչև հիմա հասցրել ենք 35 հազար հոգու ուղղակի օգնել ու դրանից ավելի նաև մինչև հիմա գնում ենք Գորիսի տարբեր հյուրանոցներ, հարցնում ենք, թե ինչի կարիք ունեն, գնում ու բերում ենք այդ ապրանքն իրենց համար»,- ասաց Սիրինան։

3 տարի գործող կազմակերպությունը հիմնադրել են հայրենադարձ ամուսինները` 2020 թվականի պատերազմից հետո։

«Մեր հիմնադիրները` Մեթյու Սահակյանը և Արաս Քեհքեջյանը Փարիզից և Լիբանանից են եկել Հայաստան` Դեպի հայք ծրագրով, ծանոթացել են, ամուսնացել են ու որոշել են ապրել այստեղ 20 թվի պատերազմից առաջ»,- ասաց Սիրինան ։

Կազմակերպությունը բռնի տեղահանվածներին աջակցելուն զուգահեռ նաև երկարաժամկետ ծրագրեր է մշակում. Սյունիքի մարզում փնտրում են տներ մեր հայրենակիցներին բնակեցնելու նպատակով: