×

Ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն էկրաններ կբարձրանա սեպտեմբերին

31.08.2023

Սցենարը գրեց 2018-ին, նկարահանումները սկսեցին 2021-ին և տևեցին մոտ 2 տարի։ Ամերիկահայ ռեժիսոր և դերասան Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին։ Կերպարը մարմնավորում է հենց ինքը՝ ռեժիսորը։ 

«Չարլիի կերպարը ոգեշնչված է իմ պապիկից։ Պապս միշտ ոգևորել է ինձ տեսնել ամեն ինչի լուսավոր կողմը, ժպտալ, ընկերներ ձեռք բերել,» - ասաց Մայքլ Գուրջյանը։ 

Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմի հետևանքով ստեղծված իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը պատմական այնպիսի դրվագների մասին է, որոնց մասին քիչ է խոսվել։ 

««Ամերիկացին» 2-րդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցածի մասին է և թե ինչպես Ստալինի որոշմամբ հայերին թույլատրվեց վերադառնալ Հայաստան,» - ասաց նա։ 

Ֆիլմում նկարահանվել են տեղացի և սփյուռքահայ դերասաններ՝ Իսպանիայից, Մոսկվայից։ Սկզբում ամերիկահայ ռեժիսորը չէր էլ մտածում, որ նկարահանումները պետք է խոչընդոտեր կորոնավիրուսի համավարակը։ Սահմանափակ պայմաններում Ֆիլմի ավարտը կանխորոշելը դժվար էր։ 

«Մենք ի վերջո ավարտեցինք ֆիլմը նախորդ տարի, բայց այն էկրաններ կբարձրանա այս տարի։ Այո, երկար պրոցես էր, » - ասաց Մայքլը։ 

Այս տարի «Ամերիկացի» ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանը: Ռեժիսորը հրավիրվել էր կինոփառատոնին՝ որպես տարածաշրջանային ֆիլմերի ժյուրի։ 

«Ֆիլմեր կային Հայաստանից, Վրաստանից, Իրանից, և կային այլ բազմաթիվ լավ ֆիլմեր։ Փառատոնն ինքնին իմ ամենասիրածներից է,» - ասաց ռեժիսորը։ 

Մայքլ Գուրջյանի կարծիքով՝ ֆիլմարտադրությունը պետք է կամուրջ դառնա հայրենիքի և սփյուռքի միջև։ Ամերիկահայ ռեժիսորն առաջարկում է՝ Հայաստանը պետք է դարձնել ֆիլմերի նկարահանման հիմնական վայր, որտեղ կհամագործակցեն ոլորտի սփյուռքահայ և տեղացի մասնագետները։ 

«Կարծում եմ՝ սա ամենալավ տարբերակն է ոլորտը զարգացնելու համար, իսկ սփյուռքահայերի համար հայրենիքը ճանաչելու ավելի լավ տարբերակ չկա, քան որպես արտիստ աշխատելն այստեղ։ Իմ սեփական փորձից եմ ասում,» - ասաց Մայքլը։ 

Առաջիկայում «Ամերիկացի» ֆիլմը կհայտնվի հայկական կինոթատրոններում։ Ֆիլմի պաշտոնական թողարկումը կլինի սեպտեմբերին՝ ԱՄՆ-ում։ Ամերիկահայ ռեժիսորը հիմա նոր նախագծեր է մշակում։ Գաղափարներից մեկը մյուս տարի պետք է իրագործի Հայաստանում: