Ֆրանսահայ Ռուբեն Գուլաքսզյանը շրջում է տարբեր երկրներով ու պատմում հայ համայնքների և մշակույթի մասին
13.09.2023
Աշխարհի տարբեր անկյուններում փնտրում և ճանաչելի է դարձնում հայկականը։ Ֆրանսահայ բլոգեր Ռուբեն Գուլաքսզյանն է։ Այս անգամ իր հետևորդներին հենց Հայաստանից է պատմելու երկրի և մշակույթի մասին։
Ֆրանսահայը կրթությամբ միջազգայնագետ է։ Տարբեր երկրներում ապրելու և աշխատելու շնորհիվ կապեր է ձեռք բերել հայկական համայնքներում։ Հետո սկսել է հայկական մշակույթին և համայնքներին առնչվող տեղեկատվական տեսանյութեր հրապարակել իր յութուբյան և ինստագրամյան էջերում.
Օրինակ ես Ֆրանսիայի դեսպանատանն եմ աշխատել Մոսկվայում, երկու տարի այնտեղ եմ մնացել։ Սիրիայում եմ ապրել մեկ տարի, հետո եվրոպական տարբեր երկրներում եմ եղել։ Հասկացել եմ, որ պետք է ավելի շատ կապեր ունենալ միմյանց մեջ՝ և՛ Հայաստանի մեջ, և՛ Սփյուռքի հայ համայնքների մեջ։
Ավելի քան 100 երկրում լինելով՝ Ռուբենի համար կարևոր նշանակություն է ունեցել հայկական հետքերով գնալը և բացահայտումներ անելը։ Այս ամենն էլ ամփոփել է իր Little Armenias գրքում։
Եթե այս գիրքը ամեն մեկը ունենա. Կգնա արձակուդի՝ Հունաստան, կարող է Աթենքում իջնել և մեկ-երկու օր գնալ ծով և մեկ օր անցկացնել Աթենքի հայկական տեղերում։ Ունենք հայկական եկեղեցիներ, պատմություն այնտեղ, ունենք հետաքրքիր հայկական ռեստորաններ։
Ռուբենն ինքնուրույն է սովորել հայերեն։ Չնայած նրան, որ ընտանիքում հայերեն չեն խոսել, այնուամենայնիվ երիատասարդի ցանկությունը մեծ էր հայրենիքն ու լեզուն ավելի լավ ճանաչելու համար.
Իմ առաջին լեզուն հայերենն է եղել, մինչև 18 տարեկանը ուրիշ ոչ մի լեզվով չէի խոսում, անգլերեն մի փոքր դպրոցում, բայց այդքան լավ չէ և պարապեցի հայերեն, սովորեցի ու ասացի՝ եթե հայերեն կարող եմ, ինչու ուրիշ լեզուներ չսովորել։
Այսպես էլ ճամփորդասեր երիտասարդի մոտ ձևավորվեց լեզուների հանդեպ սերը։ Հայերենին հաջորդեց անգլերենը, իսպաներենը, պորտուգալերենը, իտալերենը, ռուսերենը և արաբերենը։ Ցանկը դեռ պիտի շարունակվի։
Ֆրանսահայ բլոգերը 2006 թվականից գրեթե ամեն տարի գալիս է Հայաստան։ Այստեղ ընտանիքի անդամներ և բարեկամներ չունի, բայց նրանց հետ համդիպման վայրը միշտ նույնն է՝ Հայաստանը.
Հիմա իմ զարմիկներին՝ Լիբանանից և Ամերիկայից, Հայաստանում եմ հանդիպում ամռանը։ Բոլորն էստեղ են գալիս և շատ ընկերներ ունեմ, որ Հայաստանից չեն, բայց միայն Հայաստանում ենք հանդիպում և շատ լավ է, որ Երևանը կարող է լինել մեր կենտրոնը։
Հայաստանն աշխարհին հայտնի դարձնելը և ժառանգության շուրջ հայ համայնքերին միավորելը Ռուբենի համար առաջնային է։ Հետագայում կլինի նաև գրքի նոր տպագրությունը՝ ավելի մանրամասն և թարմացված տեղեկություններ