×

Բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանը Հայաստան է այցելել

13.09.2023

Բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանը հայրենիքում է։ Հայաստան այցելության նպատակը տարիներ շարունակ նույնն է՝ տատիկին հանդիպելն ու Վանաձորի դրամատիկական թատրոն այցելելը, որտեղից էլ սկսվեց ամեն բան։

«Հովհաննես Աբելյանի պետական դրամատիկական թատրոնը իմ տունն է, իմ առաջին քայլերը էնտեղ եմ արել։Ինձ թվում է թատրոնը արվեստի ֆունդամենտ է։ Շատ դերասաններ կան, որ սերիալների կամ ֆիլմերի վրա են կենտրոնացած, բայց ես գտնում եմ, որ թատրոնը հիմք է ցանկացած դերասանի համար»,- ասաց Արթուրը։ 

Տարիներ առաջ պատանի Արթուրը խաղում էր Վանաձորի դրամատիկական թատրոնում։ Տան պատին կախված քարտեզին էլ ինքնաթիռներ էր նկարում։ Թռիչքների ուղղությունը Բրազիլիան էր։ Այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ ինքնաթիռներից մեկում էր հայտնվելու, կապեր ամրագոտին ու հանկարծ աչքերը բացեր օվկիանոսից այն կողմ. 

«Իմ երազանքների երկիրն է և ես չեմ գնացել այնտեղ, ուղղակի գնալու համար։ Ես 3-4 տարեկանից ասում էի ինչ-որ Բրազիլիա, Բրազիլիա։ Հետո իմ առաջին բառերից մեկը բրազիլն է եղել, ծնողներս էլ կարծում էին՝ երեխա է, ինչ-որ հետաքրքրություն է, կանցնի»,- ասաց Արթուրը։ 

Հայկական հեռուստաեթերում հայտնված բրազիլական սերիալներն այնքան հետաքրքրեցին Արթուրին, որ սկսեց փորփրել հանրագիտարանները՝ Բրազիլիայի մասին ավելին իմանալու համար։ Հետո բացահայտեց՝ Բրազիլիայում կար հայ դերասանուհի՝ Արասի Բալաբանյանը, որը բավականին հայտնի էր Բրազիլիայում և նկարահանվում էր տեղական սերիալներում։ Այս ամենը 16-ամյա Արթուրին օր-օրի ավելի էին մոտեցնում երկրին, որտեղ շարունակելու էր կյանքը։

«Որ սկսվեց առաջին հեռուստասերիալը՝ «Ստրկուհի Իզաուրան», մայրիկս ասաց՝ այնտե՞ղ ես ուզում գնալ, տես, թե ինչպես են վարվում մարդկանց հետ, կապում են ծառերին, մտրակում են, մտքիցդ հանիր Բրազիլիան»,- ասաց Արթուրը։  

Ի վերջո, Արթուրը հասավ Բրազիլիա և հանդիպեց Արասի Բալաբանյանին։ Այնուհետև ստացավ դերասանական կրթություն, որին էլ հաջորդեց Բրազիլիայի քաղաքացիություն ստանալը։ Թե ինչո՞ւ և ինչպե՞ս պատահեց այս ամենն իր հետ, ներկայացրել է ինքնակենսագրականում։ 

«Իմ գիրքը կարծես ուղեցույց լինի, թե ինչպես կարելի է Բրազիլիայում դառնալ Բրազիլիայի քաղաքացի։ Ընկերներս ասացին՝ քո պատմությունը էնքան աբսուրդ է, այնքան ծիծաղելի, այնքան զավեշտալի, որ դու պետք է գրես էդ պատմությունը, որովետև հորինելու ոչ մի բան չկար, ամեն բան պատրաստ էր։ Մշակութային շոկ է գիրքս թե՛ Բրազիլիայի, թե՛ հայերի համար»,- ասաց Աթրուրը։ 

Դերասանի գիրքը կարճ ժամանակում դարձավ բեսթսելլեր. գիրք, որը պատմում էր, ոչ միայն բրազիլական կյանքի դժվարությունների ու ինտեգրման, այլև հայկական մշակութային կյանքի ու ավանդույթների մասին։

Հայաստանյան այս տարվա այցելության մեկ այլ պատճառ էր նաև գիրքը հայերեն թարգմանելն ու տպագրելը։ 16 տարի Բրազիլիայում ապրող և ստեղծագործող Արթուրն ունի նաև իր թատերախումբը։ 

«Իմ թատերական խմբի անունը «Arka» է, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է տապան, որ ինձ հարցնեն ինչի տապան, ես ասեմ, որ Նոյան տապանը կանգ է առել Արարատին»,- ասաց Արթուրը։ 

Առաջին ներկայացումը, որ 4 տարի շարունակ եղել է բեմում «1915»-ն է։ 

«Միակ ներկայացումն էր ամբողջ Լատինական Ամերիկայում, որ պատմում էր Հայոց ցեղասպանության մասին։ Ես շատ ուրախ կլինեի, որ «1915»-ը բերեի էստեղ։ Հիմա տեխնոլոգիաները  ավելի են թույլ տալիս էդպիսի բաներ անել, սուբտիտրներով։ Շատ կուզեի իմ ներկայացումնեևը էնտեղից բերել էստեղ»,- ասաց Արթուրը։

Արթուրին հաճախ կարելի է հանդիպել նաև բրազիլական գովազդներում։ 

Բրազիլահայ դերասանի ներկայիս պլաններում Հայաստանում թատերական ներկայացումներ ունենալն է։ Իսկ մինչև այդ՝ պետք է սպասել Ամազոնյան արտադրության «Լուսնի հակառակ կողմը» տրիլոգիային։ Հարոյանը նկարահանվել է ֆիլմի երկրորդ մասում։ 

«Ես Ռոմանովի զարմիկն եմ, ով 1800-ականներին գնում է Բրազիլիա և մասնակցում է Բրազիլիայի ու Պարագվայի պատերազմին։ Նրան այլմոլորակայինները առևանգում են  և մի քանի տարի հետո վերադարձնում են՝ չծերացած և ավելի ուժեղ»,- ասաց Արթուրը։ 

Դերասանն առաջիկայում պլաններ ունի նկարահանվելու նոր ֆիլմերում և խաղալու թատերական ներկայացումներում։ Հայաստանում իր ոլորտում հանդես գալը Արթուր Հարոյանի նպատակներից մեկն է։