Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով
23.12.2023
«Շատ ուրախ եմ և շատ հպարտ, քանզի սա իմ երկրորդ մեդալն է բարեգործական գործունեության համար և կարծում եմ, որ շատ շուտով բարեգործական համերգով կհրավիրվեմ նաև հայրենիք»,- ասաց Ռուբեն Էլբակյանը։
Նոր ոսկե մեդալ՝ ոսկե ձայնին. Հայտնի ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը ֆրանսիական հեղինակավոր Լա լիգ ունիվեղսել դյու բիեն պյուբլիք հաստատության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:
Այս պարգևին ժամանակին արժանացել են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլ մեծանուն գործիչներ: Այն տրվում է հանրային գործունեություն իրականացնող եզակի մարդկանց և անհատականությունների՝ համաշխարհային մասշտաբով:
Իր շնորհակալական խոսքում արտիստը բոլորի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի ներկա իրականության վրա և ընդգծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աջակցելու անհրաժեշտությունը։
«Իմ ամենամեծ ցանկությունը Հայաստանում բարեգործական համերգով հանդես գալն է՝ փորձելով աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- ասաց Ռուբեն Էլբակյանը:
«Նոտաները արտաբերելը մեկ բան է, երգելը մեկ այլ». այս կարգախոսով էլ Ֆրանսահայ երգիչը քսան տարի շարունակ փարիզյան արվարձանի կոնսերվատորիայում սաներին է փոխանցում իր երգարվեստը: Ոսկե մեդալներից և մրցանակներից այն կողմ՝ Ռուբեն Էլբակյանի միտքը հայրենիքում է: Մեծ հույս ունի՝ ապագայում իր ձայնը կհնչի հենց հայաստանյան բեմին՝ հայ հանդիսատեսի համար: