×

Ինչպե՞ս Հայաստան բերել անձնական գույքն ու իրերը

11.01.2021

Մշտական բնակության նպատակով Հայաստան տեղափոխվելիս Ձեզ հետ բերված անձնական իրերը կարող եք ներմուծել արտոնյալ պայմաններով, առանց մաքսային վճարների։

Եթե վերջին 5 տարում չեք բնակվել Հայաստանում, ունեք Հայաստանի քաղաքացիություն կամ հատուկ, մշտական կացության կարգավիճակ, 5 տարում առնվազն 915 օր բացակայել եք Հայաստանից, նախկինում չեք օգտվել նշված արտոնությունից։

Մաքսային արտոնություններից օգտվելու համար Ձեզ հետ կարող եք վերցնել անձնական օգտագործման, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար նախատեսված ապրանքներ՝ առանց գործարանային փաթեթավորման և պիտակավորման։

Այս գործընթացը սկսելիս մաքսային մարմնին անհրաժեշտ է դիմում ներկայացնել, որին պետք է կցել մանրամասն գույքագրման փաստաթղթերը, անձնագրի պատճենը, օտարերկրյա պետությունում մշտական բնակության փաստը հաստատող փաստաթուղթը, գույքի տեղափոխության վճարման անդորրագրի բնօրինակը, ավտոտրանսպորտային միջոցի սեփականությունը և գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերը։

Օտարերկրյա պետություններից տրված փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացմամբ կատարված թարգմանությամբ։

Եթե ցանկանում եք Ձեզ հետ տեղափոխել նաև ընտանի կենդանի, ապա պետք է ունենաք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը և անասնաբույժի կողմից առողջության վկայական, որն ապացուցում է, որ կենդանին չունի կատաղություն կամ այլ հիվանդություններ: Անհրաժեշտ է ունենալ կենդանու պատվաստման և անասնաբուժական առողջության վկայագրեր, կենդանու անձնագիրը և լուսանկարը։