ԼՂ-ից Գյումրի տեղափոխված փոքրիկները ստացան երաժշտական գործիքներ
29.11.2023
![](https://hayernaysor.am/uploads/thumb/1701260315.jpg)
Լեռնային Ղարաբաղից Գյումրի տեղափոխված փոքրիկները ստացան երաժշտական գործիքներ, որոնք ձեռք են բերվել Հայաստանի պետական կամերային երգչախմբի նոյեմբերի 2-ին կայացած համերգից գոյացած հասույթով։ Լեռնային Ղարաբաղից Գյումրի տեղափոխված 7 երեխա հաճախում է արվեստի ու երաժշտական դպրոցներ։
Նախապես հայտարարված մեկ ջութակ և 2 դաշնամուրի փոխարեն բարեգործական համերգի շնորհիվ գնվել է 3 դաշնամուր և մեկ ջութակ:
«Երբ եկանք Գյումրի, որոշեցինք, որ այստեղ էլ շարունակելու է հաճախել երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ ԼՂ-ում հաճախում էր ակորդեոնի»,-պատմում է երեխաներից մեկի՝ Միքայել Համբարձումովի մայրը՝ Սվետլանա Ստեփանյանն՝ ավելացնելով, որ որդին առաջինը տանից իր ակորդեոնն է վերցրել։
Միքայելը սովորում է դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում: Տիրապետում է 2 գործիքի: Հիմա միայն դաշնամուրի է հաճախում: Դեռ հստակ չի որոշել, բայց առայժմ ուզում է դաշնակահար դառնալ: Միքայելը միջազգային մրցույթների մասնակից է, խոստանում է՝ հաջորդ տարի լինել արդեն գյումրեցի դափնեկիրների շարքում: