Այսօրվա դրությամբ բռնի տեղահանվածների վերադարձը ԼՂ իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան
24.11.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների վերադարձը ԼՂ և այդ թեման նաև տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջազգային, քննարկվում է: Ես այդ թեմայի առնչությամբ քննարկումներ ունենալով և նաև վերլուծելով՝ հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ այդ վերադարձն իրատեսական չէ, որովհետև սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված այն իրավիճակը, որ ԼՂ-ի մեր քույրերին և եղբայրներին ստիպեց հեռանալ ԼՂ-ից, էթնիկ զտման այդ միջավայրն ու քաղաքականությունը չեն փոխվել, հետևաբար, եթե մարդկանց վերադարձը այսօր այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից ընդհանրապես չէին հեռանա: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրումը Ստեփանակերտում:
«Այս առումով ես ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները հնարավորություն չունենան վերադառնալու, մեր քաղաքականությունն այն է, որ ամեն ինչ անենք, որ նրանք մնան ՀՀ-ում և չարտագաղթեն ՀՀ-ից: Որոշ ժամանակ անց այդ բռնի տեղահանումից հետո մենք տեսնում էինք, որ ՀՀ-ից հեռացող լեռնային ղարաբաղցիների ահագին մեծ հոսք կա, դա մեզ անհանգստացնում էր, բայց կռահում էինք, որ մարդիկ երկար ժամանակ ճամփորդելու հնարավորություն չեն ունեցել և գնում են Ռուսաստան, Եվրոպա իրենց հարազատներին տեսակցելու: Եվ մենք հետո իրոք տեսանք հետհոսքը, և հիմա արձանագրում եմ, որ շոշափելի արտագաղթային միտումներ ԼՂ մեր քույրերի և եղբայրների շրջանում չկան:
Այդ առումով ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել և շնորհակալություն ասել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր եղբայրներին ու քույրերին, որ առաջինը՝ ըմբռնումով են մոտենում, որ այս իրավիճակում ամեն ինչ անում ենք: Երկրորդը՝ մեր խնդիրն այն է, որ մեր քաղաքականությունները զարգացնենք այնպես, որ մի իքս կետից ՀՀ քաղաքացիների՝ հույս ունեմ, շուտով ԼՂ-ից բռնի տեղահանված քույրերի և եղբայրների մեծամասնությունը կդիմի ՀՀ քաղաքացության համար, քաղաքականությունները կլինեն հավասար, և նրանք լիարժեք ներգրավվեն և ընդգրկվեն հայաստանյան կյանքին. այն պարագայում եթե ԼՂ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չեն ունենա»,- ասաց Փաշինյանը: