27 տարին լրացած, բանակում չծառայած ու հետախուզման մեջ գտնվող քաղաքացիները հայրենիք վերադառնալու հնարավորություն կստանան
15.09.2020
27 տարին լրացած, բանակում չծառայած ու հետախուզման մեջ գտնվող քաղաքացիները հայրենիք վերադառնալու հնարավորություն կստանան։ Օրենքի նոր նախագծով պատգամավորները չծառայածներին առաջարկում են վճարել 2 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ՝ հավելավճարներով ու գալ հայրենիք։
«Օրենքն ասում է՝ տղե՛րք, եկե՛ք տուն։ Նախ՝ մի շարք օրենքներ ենթարկվում են փոփոխության։ Տուն գալու համար տարիքային շեմն ավելացրել ենք։ Այսինքն՝ այլևս հույսներդ մի դրեք, որ այսինչ տարիքից կարող եք գալ և քրեական հետապնդումից ավտոմատ ազատվել». Անդրանիկ Քոչարյան, պատգամավոր։
Նախնական հաշվարկներով այդ գումարը կկազմի 5-ից 5.5 միլիոն դրամ, բայց կարող է փոխվել, եթե պետությունը որոշի բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը։ Վճարած գումարն էլ հետ ստանալու տարբերակ կա. Եթե այն վճարելուց հետո 3 տարվա ընթացքում քաղաքացին որոշի պայմանագրային զինվորական ծառայության անցնել։
«Համոզված եմ, որ այս օրենքի կիրառման արդյունքում ծառայությունից խուսափելու թիվը գնալով պակասելու է։ Օպտիմիզմն ավելացավ՝ այս տարվա զորակոչի արդյունքները վերլուծելով, որովհետև ունեցանք թվի աճ». Անդրանիկ Քոչարյան, պատգամավոր։
Գործող օրենքով չծառայած ու հետախուզման մեջ գտնվող քաղաքացիները Հայաստան գալու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Այս օրինագծով սփյուռքի ներուժը Հայաստան բերելու ևս մեկ հնարավորություն է ստեղծվում։
«Մենք առաջարկում ենք նոր լուծում, նոր ճանապարհ, որը գալիս է լուծելու այս խնդիրը՝ ինստիտուցիոնալ ճանապարհով։ Գիտեք, որ տարիներ շարունակ, ամեն տարի նախկինում գործող սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը երկարացվում էր և արդեն 2019 թվականի մարտից այն այլևս ուժը կորցրած է». Մխիթար Հայրապետյան, պատգամավոր։
Բարձրացվել է քրեական գործը կարճելու տարիքային շեմը։ Եթե գործող օրենսդրությամբ 37 տարեկան դառնալուց հետո դադարեցվում է քրեական հետախուզումը, նոր օրինագիծով առաջարկվում է քրեական գործը կարճել միայն 47 տարեկան դառնալուց հետո։
«Մենք այլևս զինվորական ծառայությունից խուսափելը որպես ծանր հանցագործություն են դասում, որովհետև շատ կարևոր է, որ մի կողմից մենք առաջարկում ենք լուծում, բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք մեխանիզմներ կիրարկել, որոնք կկանխեն հետագա արտագաղթը։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք կկարծեն, որ վաղը կարող են օգտվել այդ հնարավորությունից և 37 տարեկանում Հայաստան վերադառնան, վաղեմության ժամկետով կկարճվի քրեական գործը։ Այս իմաստով, մենք խստացումների ճանապարհով ենք գնում, որովհետև, այո՛, մենք մեզ պարտավոր ենք համարում առաջարկել լուծումներ, բայց մյուս կողմից նաև հոգ տանենք, որպեսզի պետության առջև ստանձնած բոլոր պարտավորությունները մեր հայրենակիցները պատշաճ կերպով կատարեն». Մխիթար Հայրապետյան, պատգամավոր։
Պատգամավորների պնդմամբ՝ այս նախագիծը արտագաղթը նվազեցնելու, հանրային մտածողություն փոխելու միջոց է։ Օրինագծով պրոֆեսիոնալ բանակ հիմնելու հնարավորություն կստեղծվի, որտեղ ծառայության կանցնեն պայմանագրային հիմուքնքներով։