×

19-ամյա Սիրանուշը եկավ որպես կամավոր, անցավ ռազմական պատրաստություն և մնաց հայրենիքում

16.12.2020

Ռուսաստանից Հայաստան՝ որպես կամավոր։ Սիրանուշ Ղուկասյանը հայրենիք վերադարձավ պատերազմի առաջին օրերին։ Նա Երևանում միացավ կամավորական հավաքների և անցավ ռազմական պատրաստություն։ Ինչպե՞ս մագլցել, խոցել հակառակորդին և փրկել վիրավոր ընկերոջը. սա այն ամենն էր, ինչ 19-ամյա հայրենադարձը սովորում էր առավոտից մինչև երեկո։  

«Այնքան էինք սովորում, որ, եթե գիշերն արթնացնեին, փակ աչքերով կարող էի կրկնել այդ ամենը։ Ուղղակի առաջնագիծ գնալու ցանկություն կար, որ մեր տուն չհասնեն, իմ տունը մնա իմ թիկունքում», - պատմեց Սիրանուշը։

Հայրենադարձ երիտասարդը նաև առաջին բուժօգնություն սովորեց և հմտությունները փոխանցեց զորակոչմանը պատրաստվող տղաներին։

Սիրանուշն ասում է, որ պատերազմն իր կյանքում շատ բան փոխեց՝ մտածելակերպը, նպատակները, ծրագրերը. «Հիմա ես մտածում եմ, որ մեզնից հետո պետք է գա մի սերունդ, որը չի լինի պարտված, ցեղասպանված, այդ մտածելակերպը պիտի դուրս գա։ Նժդեհն ասում էր, եթե դու նույնիսկ թույլ ես, ցույց տուր ուժդ այնպես, որ թշնամին վախենա քեզ վրա հարձակվել։ Մենք պիտի ձգտենք դրան, ոչ միայն ցույց տանք, այլ լինենք այդքան ուժեղ»։

Սիրանուշ Ղուկասյանն իր ապագան Հայաստանում է պատկերացնում և ուզում է իր երեխաներին հայրենիքում մեծացնել։