×

Նիդեռլանդներից՝ Հայաստան. ինչպե՞ս Նարեկ Արամյանը վերադարձավ հայրենիք և հիմնեց տեխնոլոգիական ընկերություն

03.12.2020

Վերադառնալ Հայաստան, ըկերություն հիմնել և հաջողել բիզնեսում. Նարեկ Արամյանը Նիդեռլանդներում երկար տարիներ ապրելուց հետո եկավ Հայաստան ու հիմնեց «Storegear» տեխնոլոգիական ընկերությունը:

«Մենք 2014 թվականից ստեղծել ենք մեր կազմակերպությունը, որը ծրագիր է մշակում և այն վաճառում ենք սուպերմարկետներին, առաքման կազմակերպություններին։ Նրանք մեր ծրագրով առաքումներ են կատարում, կամ, եթե օնլայն սուպերմարկետ է, մեր ծրագրով օնլայն պատվերներն են հավաքում և առաքում։ Մենք աճում էինք և պետք է որոշում կայացնեինք, թե որտեղ կարելի է մասնաճյուղ բացել, աշխատող ընդունել և շարունակել մեր աճը», - «Հայերն այսօրին» պատմել է Նարեկը։

Հենց այդ ժամանակ՝ 2018-ին, առաջին անգամ Հայաստանում անցկացվում էր Ներուժ ծրագիրը, որը հայազգի ձեռներեցներին ստարտափ սկսելու հնարավորություն էր տալիս: Նարեկը որոշեց մասնակցել ծրագրին. «Դա շատ լավ առիթ էր, և հնարավորություն տվեց ծանոթանալ հայկական շուկային, հայ երիտասարդներին, ինչ-որ չափով կառավարությանը։ Եվ պարզվեց, որ մեր գաղափարը, ծրագիրը, որը 2014-ից մշակում ենք, բավականին լավն էր և այդպես մենք հաղթողներից մեկն ենք»։

Պետական դրամաշնորհով «Storegear»-ի մասնաճյուղ բացվեց Հայաստանում։ Ընկերությունը 12 աշխատատեղ ստեղծեց, որոնց թիվը պետք է ավելանա. «Մենք այս պահին ունենք 12 աշխատող, բոլորը հայ են և կեսը աղջիկ են, կարելի է ասել՝ դա շատ լավ է, որովհետև արտասահմանում ՏՏ ոլորտում կանանց քանակը շատ քիչ է։ Գերմանիայում, Հոլանդիայում և Ամերիկայում, եթե ասենք, որ մեր աշխատուժի կեսը աղջիկ են, նրանք ուղղակի ապշած կլինեն։ Մենք ակնկալում ենք, որ մոտ մեկ տարվա ընթացքում կունենանք 20-25 աշխատող»։

Կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերությունը արդյունավետ կառավարման շնորհիվ մեծ կորուստներ չի ունեցել։ Երիտասարդ գործարարը հիմա Նիդեռլանդներում է՝ նոր պրոդուկտ են ստեղծում, բայց այդ մասին Նարեկը կպատմի հետո, երբ գործն ավարտած կլինեն։