Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի Արցախի օդային սահմաններին մոտենալու կարիք. Արցախի ՊՆ
19.09.2023
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է. հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն Արցախի Հանրապետության օդային սահմանները հատելու, այլ անգամ՝ դրանց մոտենալու կարիք։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար»,- ասված է Արցախի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Արցախի ՊՆ-ից նաև հիշեցնում են, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։