×

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է. Նիկոլ Փաշինյան

14.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է։

«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է։ Ասկերանով  Լեռնային Ղարաբաղ մուտք գործած ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը սպասել։ Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն, գտնվում է մերձակա հատվածում»,- նշեց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին և ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը և հետագա մատակարարումները Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար։

«Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում ենք և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- ասաց Փաշինյանը։