×

Բելգիահայ Կարինե Մելիքսեթյանն արժանացել է ֆլամանական N-VA կուսակցության պատվավոր պարգեւին

14.09.2023

Բելգիայի ֆլամանական N-VA կուսակցությունն իր ամենամյա՝ արդեն տասնմեկերորդ պատվավոր պարգեւը հանձնել է ֆլամանական Գենտ քաղաքի բնակիչ հայուհի Կարինե Մելիքսեթյանին՝ հասարակական կյանքում ունեցած ներդրման համար։

Կարինե Մելիքսեթյանը Բելգիայում է բնակվում 1996 թվականից։ Բելգիա էր եկել որպես զբոսաշրջիկ, բայց սիրահարվել, ամուսնացել ու մնացել է այստեղ։ Բելգիայում հաստատվելու առաջին տարիներին լրագրությամբ է զբաղվել։ Տարիների ընթացքում, կատարելագործելով ֆլամեներենի իմացությունը, Կարինեն դարձել է թարգմանչուհի, աշխատել երկրի պետական կառույցների, հատկապես՝ միգրացիոն բաժնի հետ։ Ժամանակի ընթացքում վիճակագրության արդյունքներն ուսումնասիրել ու հասկացել է՝ որպեսզի ներգաղթյալ երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն հասարակությանը, նրանց ֆլամեներենի ավելի խորացված՝ արտադասարանային ուսուցում է անհրաժեշտ։

Գաղափարը կար, բայց իրագործելն այդքան էլ հեշտ չէր։ 2001-2002 թվականներին դիմում է տեղական կառավարման մարմիններին, սակայն սոցիալիստները մերժում են նախագիծը։ Այդ մերժումը Կարինեի համար զարմանալի չէր, քանի որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները սոցիալիստական կուսակցության շարքերում ազդեցիկ թիվ են կազմում, ինչպես թուրք բնակչությունը՝ Գենտ քաղաքում։

Կարինեն չի հանձնվում եւ բռնում է նպատակների իրագործման ճանապարհը։ 4 հայ աշակերտների սկսում է տանը դասավանդել։ Մի քանի ամիս անց այդ թիվը հասնում է 16-ի։ 2003 թվականին Կարինեն հիմնադրում է «Մարիամ» կազմակերպությունը, որի նպատակն էր դժվարություններ ունեցող ներգաղթյալ երեխաներին ֆլամեներեն դասավանդելը։

Քսան տարում Կարինե Մելիքսեթյանի հիմնած կազմակերպությունը յոթ հարյուր մանկավարժների հետ է աշխատել՝ ֆլամեներենի ուսուցման միջոցով 1550 երեխայի օգնելով ինտեգրվել հասարակությանը։ Կարինեն համոզված է՝ լեզվի իմացությունը ձեւավորում է երեխային, որքան նրանք կրթվում եւ խորը գիտելիքներ են ձեռք բերում, այնքան ավելի լավ են ճանաչում իրենց արմատները, կարողանում են նոր բացահայտումներ անել։ «Երկու մշակույթների ծաղկեփնջից հասարակությանը կարող են միայն լավը տալ։ Իսկ եթե չտիրապետեն իրենց ապրած երկրի լեզվին, նույնիսկ իրենց ներուժը չեն կարող ճիշտ օգտագործել։ Այս համոզմունքից ելնելով էլ արդեն քսան տարի է՝ ամեն օր կամավոր հիմունքներով ամենաքիչը 13-15  ժամ աշխատել եմ», - ասում է Կարինեն եւ հավելում՝ պետք չէ վախենալ այլ լեզու սովորելուց, դա մեզնից ո՛չ մեր ինքնությունն է կորզելու, ո՛չ էլ մեզ օտարացնելու է մեր արմատներից։

Տարիների նվիրված աշխատանքի համար Կարինեն մրցանակի է արժանացել: 

N-VA կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերի, Ֆլամանդիայի կրթության նախարար Բեն Վեյթսի, ազգային կուսակցության քարտուղար Լուի Իդեի և Գենտի պատգամավոր Անելին վան Բոսյուտի կողմից։

«Առանց մեր լեզուն լավ հասկանալու, ինչ-որ մեկը ստիպված է մնալ միայն իր էթնիկ համայնքի շրջանակներում: Սա հանգեցնում է փաստացի սեգրեգացիայի, զրկանքների և հասարակության մասնատվածության: Սա մի բան է, որի դեմ Կարինե Մելիքսեթյանը տարիներ շարունակ ազնիվ պայքար է մղել», - ասել է կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերը:

«Յուրաքանչյուր մարդ գենետիկորեն կրում է իր ազգի վարքագիծը։ Իմ նախապատմությունն ինձ սովորեցրել է պահպանել եւ փայփայել իմ ազգի  քաղաքակրթությունն ու արժեքները, մշակութային հարստությունն ու լեզուն։ Մեզ փոխանցվել է նաեւ հարգել այլ ժողովուրդների մշակույթն ու սոցիալական արժեքները։ Սա մի բնածին հատկանիշ է յուրաքանչյուր հայի համար։ Որտեղ էլ մենք լինենք, ինչ էլ որ անենք, անում ենք ամբողջ հոգով»,- մրցանակը ստանալիս՝ նշել է Կարինե Մելիքսեթյանը։

Գենտ քաղաքում թուրքական համայնքի ճնշումների արդյունքում բացվել է վեց թուրքալեզու դպրոց, որտեղ երեխաները խոսում են թուրքերեն։ Սոցիալիստներից բացի այլ քաղաքական ուժերին այդքան էլ չի գոհացնում այս իրականությունը, հետեւաբար Կարինեի՝ ներգաղթյալ երեխաներին հասարակության լիարժեք անդամներ դարձնելու գործն էլ ավելի է արժեւորվում։ «Կարինեն տալիս է հնարավորություն, որ երեխաներն այստեղ զարգանան, ստեղծեն իրենց ապագան եւ մեր հասարակությունում ունենան իրենց դերակատարումը», - ասել է Գենտի պատգամավոր եւ քաղաքային խորհրդական Անելին Վան Բոսյույթը։

Կարինե Մելիքսեթյանը նախագծեր ու նպատակներ շատ ունի եւ դրանք իրագործելու ճանապարհներն է փնտրում։ Իսկ մինչ այդ, «Մարիամ» կազմակերպությունը ղեկավարելուն զուգահեռ մեկ այլ նվիրական գործով է զբաղվում՝ Բելգիայի գիտական տարբեր կենտրոններում հայի ու Հայաստանի մասին դասախոսություններ է կարդում։