×

Շվեդիայի հայ համայնքն ի սատարումն շրջափակված Արցախի ավտոերթ է իրականացրել

11.09.2023

Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։

Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները Հայաստանի և Արցախի դրոշներով ու պաստառներով E4 ճանապարհով ուղեվորվել են Ստոկհոլմ։ Կազմակերպիչներն իրենց կոչով հորդորել են ինչպես համայն աշխարհի պետական ատյաններին, այնպես էլ աշխարհասփյուռ հայությանը լուռ չմնալ և հնարավոր բոլոր տարբերակներով պայքարել հայրենի հողում ապրելու հայի իրավունքի համար։