×

Օդեսայում հայ-ուկրաինական դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առջև

04.09.2023

Օդեսայում սեպտեմբերի 1-ին աշակերտների համար իր դռներն է բացել Գագարինի սարահարթում գտնվող ուկրաինա-հայկական միջազգային դպրոցը: Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Դպրոցում, որտեղ հայերենն ինտեգրված է հիմնական ուսումնական ծրագրում, ուսուցումը սկսվում է առաջին դասարանից ՝ հայաստանցի ուսուցիչների հետ: Լեզվական միջավայրում հարմարավետ ընկղմվելու համար դպրոցում ստեղծվել է նաև «Հայկական մշակույթ և պատմություն» հատուկ դասընթաց: Բացի այդ, հաստատությունում խորացված ուսումնասիրում են ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներ։

Աշակերտները բաշխվում են փոքր դասարանների, ուսուցիչները յուրաքանչյուր երեխայի համար անհատական մոտեցում են ապահովում: Բացի նոր գիտելիքների յուրացումից, դպրոցականները նաև ամրապնդում են առողջությունը, ակտիվորեն զբաղվում սպորտով, ինչին նպաստում է դպրոցի՝ քաղաքի ափամերձ առողջարանային տարածքում  գտնվելը:

Դպրոցը գործում է Ուկրաինայի և Հայաստանի կրթության նախարարությունների աջակցությամբ:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության և մշակույթի ոլորտներին: Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների և երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրերին: